«Ռոսսելխոզնադզոր»-ի Կրասնոդարի երկրամասի տարածքային կառույցը հերքել է Հայաստանից ներմուծված 22 տոննա լոլիկի խմբաքանակի վերադարձի մասին տեղեկությունը։
Երեկ ռուսաստանյան այդ կառույցն իր պաշտոնական կայքում գրել էլ, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը և խմբաքանակը հետ է վերադարձվել, քանի որ լոլիկի մեջ հարավամերիկյան ցեց է հայտնաբերվել։
«Մենք ներողություն ենք խնդրում Հայաստանից ներմուծված լոլիկի վերադարձի մասին մեր իսկ տարածած հաղորդագրության համար։ Կասկածներ կան, որ լոլիկի նշված խմբաքանակը ուղարկվել է այլ երկրից՝ կեղծ փաստաթղթերով։ Այժմ իրականացնում ենք փաստաթղթերի հավաստիության ստուգում», - ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նշում է, որ հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չի արձանագրել: