Մոլդովայում երկու շաբաթից նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։
Երեկվա քվեարկությանը գործող նախագահ Մայա Սանդուն ստացել է ձայների 42,3 տոկոսը, երկրորդ տեղում է ռուսամետ սոցիալիստ Ալեքսանդր Ստոյանոգլոն։
Նախագահական ընտրություններին զուգահեռ հանրաքվեի էր դրվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրումն ամրագրելու հարցը, ինչին հավանություն է տվել քվեարկությանը մասնակցածների 50,3 տոկոսը։
«Այո» քվեարկողները մոտ 8 հազարով են միայն գերազանցել ընդդիմախոսներին, թեև մինչ այդ անցկացված հարցումներն առավել դրական պատկեր էին խոստանում արևմտամետներին։
Նախնական արդյունքների հրապարակումից ժամեր անց Մայա Սանդուն հայտարարել է, թե Մոլդովան հարձակման է ենթարկվել «հանցավոր խմբավորումների և արտաքին ուժերի» կողմից, որոնք փորձել են «300 հազար ձայն գնել»։
Այսօր այդ մեղադրանքը հաստատել է նաև Եվրամիության խոսնակը, պնդելով, որ «քվեարկությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և նրա համախոհների կողմից աննախադեպ միջամտության պայմաններում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայում, ըստ իրավապահների, պրոռուսական ուժերը հետընտրական անկարգություններ են նախապատրաստում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայում ընտրություններ են ու Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե