Տասն օր անց վարչապետի հայտարարությունից, թե Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն դեռ համաձայնություն չունեն: Միրզոյանը սա ասում է խաղաղության պայմանագրի ադրբեջանական վերջին խմբագրումը ստանալուց հետո:
«Մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում՝ Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները», - ասել է նա։
Սահմանազատման հարցում Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները պնդում են, թե Ադրբեջանը կողմ է, որ գործընթացը տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ամրագրվի նաև երկու երկրների հանձնաժողովների կանոնակարգում, որն, ի դեպ, Երևանն ու Բաքուն դեռ չեն համաձայնեցրել:
Երեկ արաբական Al-Jazeera-ին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանը, ըստ էության, կրկին նշեց՝ հղում Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական հիմք, խաղաղության պայմանագում ամրագրել դեռ չի հաջողվել։
«Սա սկզբունքներից մեկն է, և եթե մեզ հաջողվի հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման քաղաքական հիմք և որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք խաղաղության պայմանագրի նախագծում, որի շուրջ մենք այժմ բանակցում ենք, ապա կարելի է ասել, որ շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը», - շեշտել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը հավատում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. Վեդանտ ՊատելԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոկաևը ողջունել է Ղազախստանում բանակցություններ անցկացնելու Բաքվի և Երևանի համաձայնությունը
Եթե Արդբեջանը կողմ է սահմանագծման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով, հետագայում էլ այն ամրագրել երկկողմ հանձնաժողովների օրակարգում, այդ դեպքում ինչո՞ւ է ընդդիմանում նույնը խաղաղության պայմանագրում ներառելուն: Երկու ամիս առաջ արտգործնախարար Միրզոյանն անգամ ասել էր, որ Բաքուն 1991 թվականին ընդունված այդ փաստաթղթի հղումը հեռացնում է բանակցվող տեքստից:
«Խաղաղության պայմանագրի մեջ այդ սկզբունքը ներառելը ավելի մեծ հստակություն է մտցնում ապագա գործընթացների համար»
Արդբեջանն այդպես փորձում է խուսափել հստակությունից, կարծում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:
«Խաղաղության պայմանագիրն իր նշանակությամբ շատ ավելի կարևոր փաստաթուղթ է, քան սահմանազատման գործընթացի հետ կապված բոլոր փաստաթղթերը։ Խաղաղության պայմանագրի մեջ այդ սկզբունքը ներառելը ավելի մեծ հստակություն է մտցնում ապագա գործընթացների համար։ Երբ խոսքը գնում է սահմանազատման գործընթացի վերաբերյալ, իհարկե, այո, տեսնում ենք հայտարարություն այն մասին, որ կողմերն ընդունում են Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այնուամենայնիվ, այս հռչակագրով չի իրականացվելու սահմանազատումը, պետք են կոնկրետ քարտեզներ, և այդ կոնկրետ քարտեզները տարբեր հատվածներում կարող են տարբերվել, և այստեղ կարելի է օրինակ՝ ինչ-որ լղոզված հղում ունենալ Ալմա-Աթայի հռչակագրին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Կհաջողվի՞ Երևանին և Բաքվին առաջիկա բանակցություններում այդ հարցում համաձայնության հասնել, քաղաքագետը դժվարանում է ասել, բայց Ալիևի վերջին հայտարարությունները, ասում է, չեն բացառում այդ հեռանկարը:
Իլհամ Ալիևն, ի դեպ, այսօր հայտարարել է, թե Հայաստանի հետ բանակցություններն «ընթանում են Բաքվի պատրաստած փաստաթղթերի հիման վրա»: Ադրբեջանի ղեկավարի պնդումն իրականություն է, բանակցվող փաստաթուղթը հենց Բաքուն է առաջարկել, հիշեցնում է քաղաքագետը:
«Բանակցություններն ընթանում են հենց այդ ադրբեջանական փաստաթղթի շուրջ, Հայաստանը միայն որոշակի փոփոխություններ է մտցնում այդ փաստաթղթի մեջ։ Ալիևը նմանատիպ հայտարարություններ անում է՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանն է կառուցողական կողմը, որ պատերազմից հետո ինքն է հանդես եկել խաղաղության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ», - ասաց նա։
Խաղաղության պայմանագրի փոխանակմանը զուգահեռ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կշարունակեն դեմ առ դեմ քննարկումները: Ղազախստանում սպասվող հանդիպման օրը, սակայն, դեռ հայտնի չէ: