Տոների և հիշատակի օրերի մասին օրենքով այսօր Հայաստանում տոն է՝ Քաղաքացու օրը:
Ապրիլի վերջին շաբաթ օրը տոն դարձրեց Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը իշխանության գալու հաջորդ տարում: Այսօր էլ վարչապետը տոնական օրակարգով է՝ առավոտյան շնորհավորական ուղերձ հղեց:
«Հենց Քաղաքացու՝ որպես իշխանության բարձրագույն կրողի, օծումը տեղի ունեցավ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ և օծված Քաղաքացին է, որ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել վերջին տարիներին մեզ բաժին հասած դժվարագույն փորձություններին», - մասնավորապես ասված է ուղերձում:
Ինչո՞ւ են Հայաստանն ու օծյալ քաղաքացիները փորձությունների բախվում: Փաշինյանի ուղերձում պատասխան կա. - «Որովհետև որևէ մեկը չի կարող իր տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրել՝ առանց այդ տան դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու: 2018 թվականի Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ Հայաստանի Հանրապետության դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի»:
«Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». վարչապետն այս թեմայով բանախոսությամբ շարունակեց օրը Գավառի դրամատիկական թատրոնում, այստեղ երիտասարդներ էին հավաքվել։ Փաշինյանը տարածքային ամբողջականության ու հայրենիք-պետություն թեմաներին գումարեց արդարության հարցը՝ ինչո՞ւ չկա այն:
Քաղաքացու օրը նշվում էր երկրի ութ տասնյակից ավելի վայրերում՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ մշակութային միջոցառումներ, բանախոսություններ են անցկացվել։
Քաղաքացու օրվա վերաբերյալ երևանցիների, գյումրեցիների տեսակետները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.