«Միլթոն» փոթորկի պատճառով Բայդենն ու Բլինքենը հետաձգում են այցը Գերմանիա

Էնթոնի Բլինքեն, Ջո Բայդեն, արխիվ

Հաշվի առնելով «Միլթոն» փոթորկի կանխատեսվող ուղղությունն ու հզորությունը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է հոկտեմբերի 12-ին Գերմանիա կատարելիք այցը՝ վերահսկելու փոթորկին արձագանքելու համար իրականացվող աշխատանքները։

ԱՄՆ նախագահի ծրագրերի փոփոխության մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Ամերիկյան լրատվամիջոցների կանխատեսմամբ, «Միլթոն» փոթորիկը կարող է ամենավտանգավոր՝ «6-րդ կարգի» բնական աղետը լինել, մինչ այս ամենավտանգավորը համարվել է «5-րդ կարգը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հելեն» փոթորիկը տասնյակ զոհերի և ավերածությունների պատճառ՝ ԱՄՆ-ի հարավ-արևելյան հատվածում

Բայդենը պետք է մեկներ Գերմանիա մասնակցելու «Ռամշտայն»-ի գագաթնաժողովին։ Անկալվում էր, որ հենց նա էլ կգլխավորի շաբաթ օրը նախատեսված գագաթնաժողովը, որի օրակագում Ուկրաինային անսասան աջակցության հարցն է։

Սա կլինի Ուկրաինային ամենաբարձր մակարդակով զենք մատակարարող երկրների խմբի առաջին հանդիպումը։

Գերմանիայում նախատեսված էր նաև Բայդենի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Իսկ հոկտեմբերի 13-ից 15-ը ԱՄՆ նախագահը նախատեսում էր այցելել Անգոլա՝ բանակցություններ վարելու իր գործընկեր Ժոաո Լոուրենսոյի հետ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս հայտարարել է, որ չեղարկում է իր այցը Գերմանիա։

Ըստ կանխատեսումների՝ «Միլթոն» փոթորիկը կարող է հարվածել Տամպային հոկտեմբերի 9-ին։ Այստեղ ավելի քան 3,3 միլիոն մարդ է ապրում: Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը կոչ է արել անհապաղ տարհանել բնակիչներին։

The New York Times-ը, վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը, գրում է, որ հարկադիր կամ խորհրդատվական տարհանման մասին ծանուցումներ են ուղարկվել ավելի քան 5,5 միլիոն մարդու։ Սա Ֆլորիդայի պատմության մեջ ամենամեծ տարհանումն է, նշում է լրատվամիջոցը։

«Միլթոն» փոթորկի մասին նախազգուշացվում է Ֆլորիդայում «Հելեն» փոթորկի հարվածից մեկ շաբաթ անց, որի հետևանքով զոհվել է ավելի քան 270 մարդ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հելեն» փոթորիկն առնվազն 166 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ում