Կառավարությունն աղետի գոտի կհայտարարի Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, օպերատիվ շտաբի նիստին տեղեկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի երկու մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով` մինչև Այրում կայարան, արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։
Քննարկվել են նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։
Հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչու Վրաստանում հեղեղը կանխատեսվեց, իսկ Հայաստանում՝ ոչ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գետի քշած կառույցներ, ջրի տակ մնացած մեքենաներ. հեղեղների հետևանքները Լոռիում