Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի, Գալանտի, Դեյֆի ձերբակալության օրդեր տվեց

Ձախից՝ աջ. Բենյամին Նեթանյահու, Յոավ Գալանտ, Մոհամեդ Դեյֆ

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նրա կաբինետի արդեն նախկին անդամ՝ պաշտպանության նախարարի պաշտոնից վերջերս հրաժարական տված Յոավ Գալանտի, ինչպես նաև Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման գլխավոր հրամանատար Մոհամեդ Դեյֆի ձերբակալության օրդեր տվեց։

«Պալատը երկու օրդեր է տվել՝ պարոն Բենյամին Նեթանյահուին և պարոն Յոավ Գալանտին առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ը կատարված մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների համար», - ասված է դատարանի հայտարարությունում։ Միջազգային ատյանը հավելել է, որ նույն օրդերը տրվել է «Համաս»-ի առաջնորդներից Դեյֆի համար. թեև ամիսներ առաջ Իսրայելը պնդել էր, թե սպանել է նրան, բայց մինչ օրս նրա մահը չի հաստատվել։

Միջազգային քրեական դատարանը պնդում է՝ հիմքեր ունի եզրահանգելու, որ Նեթանյահու-Գալանտ զույգը «քրեական պատասխանատվություն» է կրում սովը որպես զենք կիրառելու, սպանությունների, հալածանքների և այլ անմարդկային արարքների համար։

Դատարանը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարները՝ վարչապետն ու պաշտպանության արդեն նախկին նախարարը, անձամբ են պատասխանատվություն կրում «քաղաքացիական բնակչության դեմ դիտավորյալ հարձակումների համար», և որ նրանց «դիտավորյալ և գիտակցված» որոշումների արդյունքում «Գազայի բնակչությունը զրկվել է գոյատևելու համար անհրաժեշտ միջոցներից՝ այդ թվում սննդից, ջրից, դեղորայքից, վառելիքից, էլեկտրականությունից»։ Դատարանի համոզմամբ՝ նման քայլերով Իսրայելի իշխանությունը փորձել է հասնել Գազայում բնակչության մի մասի ոչնչացմանը. - «Այդ ամենը հանգեցրել է խաղաղ բնակիչների՝ այդ թվում երեխաների մահվան՝ թերսնման, ջրազրկման հետևանքով»։

Դատարանի որոշմանը Նեթանյահուն կայծակնային արագությամբ արձագանքեց՝ հայտարարելով, թե «Իսրայելը զզվանքով է մերժում անհեթեթ և կեղծ մեղադրանքները»։

Միջազգային քրեական դատարանի որոշումն այժմ տեսականորեն սահմանափակում է Նեթանյահուի տեղաշարժը, նա արդեն միջազգային հետախուզման մեջ գտնվող կասկածյալ է: Սակայն նրան ձերբակալելու հեռանկարն էլ է աղոտ, քանի որ Իսրայելը և նրա գլխավոր դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, Միջազգային քրեական դատարանի անդամ չեն:

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ 1206 մարդու կյանք խլած արյունալի հարձակմանն ի պատասխան՝ Իսրայելը պատերազմ է վարում «Համաս»-ի կողմից վերահսկվող Գազայում։ Պաղեստինյան անկլավի աղբյուրների համաձայն՝ ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմի հետևանքով զոհերի թիվն անցել է 44 հազարը, վիրավորներինը մոտենում 105 հազարին։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով 71 մարդ է զոհվել։

Գազայից բացի Իսրայելը նաև ավիահարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին՝ այստեղ էլ «Հեզբոլա» զինյալ խմբավորմանը ոչնչացնելու նպատակով։ Լիբանանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ իսրայելական բանակի հարվածների հետևանքով ավելի քան 3 հազար 500 մարդ է սպանվել, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։ Հայտնի չէ, թե սպանվածներից քանիսն են «Հեզբոլա»-ի մարտիկներ, իսկ քանիսը՝ խաղաղ բնակիչներ։

Իսրայելն, իր հերթին, պնդում է, որ «Հեզբոլա»-ի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց տներից: