Միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են, այսօր Երևանում, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով՝ տարածաշրջանում դրա ականատեսն էին ոչ միայն շուրջ 110 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի։
«Երբ թվում էր աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ցավոք, մենք անկարող եղանք կանխել, և այսօր ականատեսն ենք այդ անդառնալի հետևանքներին», - հայտարարեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
Միրզոյանը նշեց, որ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին, իսկ ռիսկի գործոններից ամենաէականն՝ ատելության տարածումն, ի վերջո ատելության խոսքից վերածվեց հանցագործության։
«Աշխարհում տիրող իրավիճակը և ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել մարդկանց կյանքերը փրկելու առավել արդյունավետ ճանապարհներ, ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն՝ ոչ միայն արդյունավետ կերպով արձագանք ապահովելու, այլև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով», - հայտարարեց Միրզոյանը։
Նա կոչ արեց միջազգային հանրությանը համատեղ ջանքերով պայքարել ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Amnesty International-ը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է պաղեստինցիների ցեղասպանություն