Միասնական տոմսային համակարգին անցում մի քանի օրից. պատրա՞ստ է Երևանը փոփոխություններին

13 օրից՝ հունվարի 1-ից, հանրային տրանսպորտում 100 դրամանոցով վճարել այլևս հնարավոր չի լինի: Քաղաքապետարանից հիշեցնում են՝ Tellcell-ի հեռախոսային հավելվածով կամ բանկային քարտերով կարող են վճարել:

«Ազատությանը» հանդիպած ուղևորներից շատերը թեև հեռախոսներում ունեին հավելվածը, բայց դեռ գերադասում էին մետաղադրամը գցել ավտոբուսի դրամարկղը։

Հունվարի 1-ից ուսանողների համար կգործի 15, դպրոցականների ու նպաստառուների համար՝ 20, իսկ թոշակառուների համար՝ 30 տոկոս զեղչ: Անվճար կերթևեկեն 0-7 տարեկան երեխաները, 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականները, ծնողազուրկ ուսանողները, հաշմանդամության խորը, առաջին, երկրորդ խմբերում ընգրկված մարդիկ, մանկատանն ու ծերանոցներում ապրողները, ազգային հերոսները և 4-ից ավելի երեխաներ ունեցողները:

2 շաբաթ է մնացել միասնական տոմսային համակարգին անցնելուն, բայց դեռ հայտնի չէ՝ մարդիկ տեխնիկապես ինչպես են օգտվելու այս արտոնություններից, ոմանք էլ առաջարկվող փաթեթների վերաբերյալ կա՛մ հպանցիկ տեղեկություններ ունեին, կա՛մ առհասարակ ոչինչ չգիտեին։

Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 12-ը ավտոբուսներում տեղադրված վալիդատորներով վճարել է ուղևորների 36 տոկոսը միայն, իսկ էլեկտրատրանսպորտից օգտվածների՝ 6.6 տոկոսը։ Երևանի քաղաքապետ Ավինյանը գործակարգավարականի ընթացքում հիշեցրեց՝ հաշված օրեր են մնացել, այս տոկոսները հուսադրող չեն։

Հունվարի 1-ից 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 հազար 600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։ Մեկ փաթեթից կարող է օգտվել միայն մեկ քաղաքացի: «Ազատությանը» հանդիպած ուղևորներից ոմանց համար այս փաթեթներից ոչ մեկն էլ հարմար չէր։ Ավտոբուսներում տեղադրված վալիդատորներն էլ մեկի փոխարեն գոնե երկուսը պետք է լինի, դժգոհում էին մարդիկ, նաև հարցնում են՝ մյուս տարի էլ ե՞ն կանգառներում երկար սպասելու, ու՞ր են նոր ավտոբուսները։

«Օրվա ընթացքում ավտոբուսից մի քանի անգամ օգտվողների համար ուղեվարձն ավելի էժան կլինի, քիչ օգտվողների համար՝ թանկ», - վստահեցնում է քաղաքային իշխանությունը։

Օրերս ավտոբուսներում շրջայցի դուրս եկած Ավինյանը մեկ քաղաքացու օրինակով հաշվեց՝ եթե մարդն օրվա ընթացքում 5-6 անգամ է օգտվելու տրանսպորտից, ապա ուղեվարձը նրա համար կկազմի 58 դրամ: Իսկ առհասարակ միջինացված գինն, ըստ նրա. 144 դրամն է:

Սա թանկացո՞ւմ չէ, հարցնում են քաղաքացիները, հավելելով՝ ո՞վ է 5-ից 6 անգամ օրվա մեջ օգտվում։

Որ մարդիկ կանգառներում դեռ երկար են կանգնում, ընդունում է նաև քաղաքապետը, ինքն էլ Նորագավիթի օրինակով ենթականերին հիշեցնում՝ այս ուղղությամբ տրանսպորտը ծայրահեղ վատ է աշխատում: Ավինյանը չբացառեց, որ այսպիսի խնդիրները լուծելու համար գուցե անհրաժեշտություն լինի եկող տարի ևս մինչև 250 հատ 18 մետրանոց նոր ավտոբուսներ գնել:

Աշնանը Երևան հասած 15 տրոլեյբուսներն արդեն երթուղի են դուրս եկել, բայց հայտնի չէ՝ 171 նոր ավտոբուսները, որ արդեն Երևանում են, այս տարի կշահագործվե՞ն...

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.