«Մենք սա այսպես չենք թողնելու». Երևանի ավագանու օրակարգում է ընդդիմադիր երեք անդամի հեռացման հարցը

Երևանի ավագանու նիստ, արխիվ

Երևանի ավագանու վաղվա օրակարգում է ընդդիմադիր երեք անդամի հեռացման հարցը։ Մեկը Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց»-ից Գրիգոր Երիցյանն է։ Մարությանից հետո նա է ֆրակցիայի ղեկավարը։ Երկուսը՝ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներն են՝ Անուշ Գինոսյանն ու Անուշ Խուդավերդյանը։

«Մենք սա այսպես չենք թողնելու. գնալու ենք շատ ատյաններ՝ թե՛ այստեղ, թե՛ միջազգային ատյաններ», - ասաց Անուշ Խուդավերդյանը:

Քաղաքապետարանից ուղիղ դատարան կգնան, եթե նախաձեռնողներին հաջողվի իրենց հեռացնել, զգուշացնում է Անուշ Խուդավերդյանը։

Անուշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանը կարծում են՝ իրենց մանդատից զրկում են ընդդիմադիր հայացքների պատճառով

Նախաձեռնողը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է ու «Հանրային ձայն»-ը, որ ընտրվեց որպես ընդդիմություն, իսկ այժմ ժամանակ առ ժամանակ սատարում է իշխանությանը։ Նախաձեռնողները պատճառաբանում են, թե ընդդիմադիրները բացակայել են ավագանու ու հանձնաժողովների նիստերից։

«Առաջին բացակայությունը.... մենք, ես ինքս դեմ եմ եղել տրանսպորտի թանկացմանը, որը բոյկոտել եմ, չեմ մասնակցել: Երկրորդը՝ մեր գործընկերների՝ Հայկ Մարությանի և Թևանյանի թիմակիցներին զրկում էին մանդատից, բոյկոտել եմ», - ներկայացրեց Խուդավերդյանը:

Ծանր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի թիմը ամիսներ առաջ պառակտվեց, հիմա հինգից երեքն են խմբակցությունում։ Անուշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանն ամիսներ առաջ լքեցին թիմը։ Դրանից հետո, չեն մասնակցել հանձնաժողովների նիստերին, քանի որ, պնդում են՝ իրենց զրկել են կարծիքի ու քվեարկելու իրավունքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանի ավագանին դադարեցրեց Հայկ Մարությանի լիազորություններըԵրևանի ավագանին ընդունեց տրանսպորտի թանկացման մասին նախագիծը

Ըստ Երիցյանի՝ իշխանությունը հաշվեհարդար է տեսնում իր հետ

Ավագանիում մեծությամբ երկրորդ ուժի ղեկավար Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու հարցը ևս բացակայությունների հիմքով է։

«Նաև իրենք իրենց խոսքում անընդհատ նշում են, որ ավագանու լիագումար նիստերին չի մասնակցել, ես հայտարարում եմ, որ բոլոր նիստերին մասնակցել եմ: Այսինքն՝ այդ հիմքն իմ դեպքում չի աշխատում: Իմ դեպքում մեջբերում են միայն հանձնաժողովի նիստերը, ես նույնպես ասում եմ, որ հանձնաժողովի նիստերի բացակայության հիմքով Հայաստանի պատմության մեջ, որևէ երկրի պատմության մեջ որևէ մեկին երբևիցե չեն հեռացրել», - նշեց Գրիգոր Երիցյանը:

Երիցյանի կարծիքով՝ իշխանությունը հաշվեհարդար է տեսնում իր հետ։ Ընդդիմադիրները մտադիր են հոկտեմբերին քաղաքապետ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնել ու պաշտոնից զրկել։ Նախաձեռնության համար ընդդիմադիրների ձայնը բավարար է, բայց վերջնական քվեարկության՝ ոչ։ Նրանք կարծում են՝ իրենց մանդատից զրկելու նախաձեռնությունը նաև այս պատճառով է։

«Ավելի բարդ է լինելու, որովհետև ընդդիմադիրներին հերթով ինքը հանում է և բերում է լոյալ մարդկանց, ունենալու է լոյալ մարդկանց ընդդիմության մեջ», - ընդգծեց Երիցյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարին մանդատից զրկելու նախագծի հեղինակը իշխող թիմից Մարատ Թոխյանն է։ «Ազատության» հետ զրույցում հակադարձել է, Երիցյանի բացակայությունները չի համարում քաղաքական բոյկոտ։

«Ինքը ոչ մի պատճառաբանություն չի տվել, ես դա չեմ կարող անվանել քաղաքական բոյկոտ, որովհետև եթե քաղաքական բոյկոտ է, երևի թե իրենց խմբակցության մյուս անդամները նույնպես չպետք է գային: Ի՞նչ իմաստ ունի, էդ շանտաժ բառը ես ընդհանրապես չեմ ընկալում այս դեպքում, ինչ-որ քաղաքական ճնշման, իմաստ չկա այդ քաղաքական ճնշման», - ասաց Թոխյանը:

Երևանի վերջին ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը առաջնորդած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին էլ մանդատից զրկեցին նիստերից բացակայելու հիմքով։