Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է գեներալ Իգոր Կիրիլովի` այսօր առավոտյան տեղի ունեցած սպանությունը՝ պնդելով, թե դրա հեղինակն ուկրաինական հատուկ ծառայություններն են։
«Ահաբեկչական այս հարձակումը բանդերովյան վարչակազմի հոգեվարքի վկայությունն է։ Ռուս ժողովրդին ահաբեկելու և մեր բանակի հարձակումը կասեցնելու բոլոր փորձերը դատապարտված են, իսկ անհետացող երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն անխուսափելի հատուցում է սպասում», - նշել է Մեդվեդևը։
Այսօր առավոտյան հաղորդվեց, որ Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթյուն է որոտացել, կա երկու զոհ։ Ռուսական տելեգրամյան ալիքները գրեցին, որ մահացածների թվում է նաև Ռուսաստանի Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։ ՌԴ Քննչական կոմիտեն հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մահացել է նաև 54-ամյա Կիրիլովի օգնականը։
Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել, փորձաքննություններ են նշանակվել։
Նաև հաղորդվում է, որ նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հռեակա կարգով քրեական գործ էր հարուցել արդեն 7 տարի այս պաշտոնը զբաղեցրած Կիրիլովի դեմ՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար։ Նշվում է, որ նա, մասնավորապես, կասկածվում է Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ենթադրյալ քիմիական զենք կիրառելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն Մոսկվայում, ըստ ՌԴ ՔԿ-ի, զոհվել է նաև գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը