Մայր տաճարի վերաօծմանը իշխանությանը հրավիրելը դիրքորոշման փոփոխություն չի նշանակում. Արշակ սրբազան

Վարչապետ Փաշինյանը դեռ չի որոշել՝ ընդունի՞ Մայր աթոռի հրավերն ու մասնակցի Մայր տաճարի վերաօծման արարողությանը, թե՞ ոչ։ Հարցը դեռ քննարկվում է, «Ազատությանը» փոխանցեցին կառավարությունից։

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանին քննադատող ու նրա հրաժարականը պահանջող Մայր աթոռը որոշել իշխանությանը հրավեր ուղարկել։ Եկեղեցում կարծում են, որ հրավերի ու հրաժարականի հորդորը պետք է հստակ տարանջատել համազգային միջոցառումների դեպքում, այսօրվա ասուլիսում մեկնաբանեց Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից, և եկեղեցին ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից», - ասաց նա։

Մայր եկեղեցու բացման, վերաօծման արարողությունը սեպտեմբերի վերջին կլինի։ Հրավերին առայժմ միայն արձագանքել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը. - «Ցավոք սրտի, ես այստեղ չեմ գտնվելու, պաշտոնական այցով գտնվելու եմ Կանադայում և չեմ կարող մասնակցել, բայց եթե այստեղ գտնվեի, անպայման կմասնակցեի», - ասել էր նա։

Մայր տաճարի դռները վերանորոգման պատճառով շուրջ վեց տարի փակ էին հավատացյալների ու այցելուների առջև։ Հիմքից մինչև մայր եկեղեցու խաչ հիմնանորոգվել է, այսօրվա շրջայցին լրագրողներին պատմեց ճարտարապետ Ամիրան Բադիշյանը։

Իշխանություններին հրավիրելու տարակույս հոգևորականներն էլ են ունեցել՝ հաշվի առնելով սրված հարաբերությունները, խոստովանեց Արշակ սրբազանը։ Այդ պատճառով էլ հարցը ամենաբարձր մակարդակով՝ Հոգևոր խորհրդի ժողովում են քննարկել ու որոշել։

Եկեղեցու ու իշխանության հարաբերությունները լարվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ Կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանին հորոդորեց հեռանալ։ Փոխադարձ քննադատությունների պակաս այս տարիներին չի եղել։ Այս Ամանորին Հանրային հեռուստաընկերությունը խախտեց ավանդույթն ու չհեռարձակեց Կաթողիկոսի ուղեձը, որ հնչում էր երկրի ղեկավարից առաջ։ Մայիսի 28-ին էլ ոստիկանները փորձում էին արգելել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալրիր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Մայր աթոռի դիվանապետը վստահեցնում է՝ հրավերը ոչինչ չի նշանակում։ Իրենց դիրքորոշումը չի փոխվել, մտահոգությունները չեն փարատվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրագրողական կազմակերպությունները՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինի եթերով չհեռարձակելու մասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ էին ոստիկանները փակել Վեհափառի մայիս 28-յան ավանդական ճանապարհը

«Հրավիրած լինելը որևէ ձևով դիրքորոշումների փոփոխություն չի նշանակում։ Մենք, համենայն դեպս դուք կհիշեք, Հայաստանի Հանրապետության վերջին անկախության պատմության շրջանում և ողջ եկեղեցու պատմության ընթացքում եկեղեցին աջակից է եղել պետությանը, իշխանություններին։ Այո, երբեմն մենք տարբերակում ենք իշխանությունները պետությունից, բայց այդ սահմանագիծը շատ նուրբ է, չափազանց դժվար է իշխանությունների նկատմամբ քննադատություն ուղղել առանց մտահոգություն ունենալու, որ պետությանը չես վնասի, բայց երբ իրավիճակը հասկանում է այնպիսի հանգրվանի, երբ այլընտրանք չկա, նշանակում է՝ պետք է գնալ այդ ճանապարհով», - ընդգծեց նա։

Իշխանականների մեղադրանքները, թե եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, սխալ թեզ է, պնդեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ հավելելով՝ եկեղեցին քաղաքական իշխանության չի հավակնում։

Բայց, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկպոս Գալստանյանը ձգտում է իշխանության՝ սառեցրել է հոգևոր ծառայությունը, առաջադրվել վարչապետի թեկնածու ու պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ Իրավիճակն է հարկադրել, մեկնաբանեց Մայր աթոռի դիվանապետը, նկատելով՝ Բագրատ սրբազանի լավագույն երազանքը չէր։