Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ Հանրային հեռուստաընկերության «որդեգրած գործելաոճի պայմաններում» նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ամանորյա ուղերձի հեռարձակումը:
«Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։
Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պարզաբանման մեջ:
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին», - հայտարարում է Մայր Աթոռը:
Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի գործող իշխանության միջև տարաձայնությունների ֆոնին Հանրային հեռուստաընկերությունն ի տարբերություն նախորդ տարիների 2023 թվականի դեկտեմբերի 31-ին կեսգիշերից առաջ նույնպես չէր հեռարձակել Վեհափառի ամանորյա ուղերձը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը պարզաբանել էր՝ հեռուստաընկերությունից առաջարկել են այն ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը «Մայր Աթոռը պատշաճ չի համարել և մերժել է»:
Տասնամյակներ շարունակ Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ելույթին նախորդում էր Կաթողիկոսինը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀԽ. Հանրային հ/ը-ը չի հրաժարվել հեռարձակել Վեհափառի ուղերձըԻնչո՞ւ Հանրայինը չհեռարձակեց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային ՀԸ-ը հրաժարվել է Կաթողիկոսի ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ. Մայր ԱթոռԴժվար իրավիճակներից հաղթած են դուրս գալիս այն ազգերը, որ աննկուն են մնում ոգով ու հավատքով. Գարեգին Երկրորդ