Մայր Աթոռն այս տարի էլ է առարկում Հանրայինով Վեհափառի ուղերձի հեռարձակման ժամի դեմ

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը հանդես է գալիս ամանորյա ուղերձով, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին ժամը 21:55-ին, երեկոյան մոտ հայտարարեց Մայր Աթոռը: Այս տարի էլ առարկություն ունենալով ժամի ընտրության հետ՝ տեղեկացրին, որ ընդհանրապես նպատակահարմար չեն համարում Գարեգին երկրորդի ուղերձի հեռարձակումը Հանրայինով։

«Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները», - հայտարարեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Վեհափառի ամանորյա ուղերձի հեռարձակումը

Մինչև նախորդ տարի կաթողիկոսի խոսքը նախորդում էր երկրի ղեկավարի ամանորյա ուղերձին։ Անցած տարի Գարեգին երկրորդի ուղերձն ընդհանրապես չհեռարձակվեց՝ Հանրայինը այլ ժամ էր առաջարկել, Մայր Աթոռը մերժել էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀԽ. Հանրային հ/ը-ը չի հրաժարվել հեռարձակել Վեհափառի ուղերձըԻնչո՞ւ Հանրայինը չհեռարձակեց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Դժվար իրավիճակներից հաղթած են դուրս գալիս այն ազգերը, որ աննկուն են մնում ոգով ու հավատքով. Գարեգին ԵրկրորդՀանրային ՀԸ-ը հրաժարվել է Կաթողիկոսի ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ. Մայր Աթոռ

Հանրայինի դեկտեմբերի 31-ի ծրագրում կաթողիկոսի ելույթն այս տարի պետք է հաջորդի նախագահի, ԱԺ նախագահի ելույթներին, ապա եթերում կլինի լուրերի հավելվածը։ 2025-ի նախօրերին 20 րոպե առանձնացված է վարչապետի ուղերձի համար։

«Ազատություն»-ը Հանրայինից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են հենց 21:55-ն ընտրել կաթողիկոսի ամանորյա ուղերձի հեռարձակման համար։ Վարչապետի պարագայում, օրինակ, ավանդույթը չի խախտվել, ըստ հաղորդումների՝ նրա ուղերձը Նոր տարվա նախօրեին կհեռարձակվի, ուստի կաթողիկոսի պարագայում ավանդույթն ինչո՞ւ որոշեցին երկրորդ անգամ խախտել, արդյոք դա պայմանավորված է եկեղեցի-իշխանություն անթաքույց լարվածությամբ։

Հանրային հեռուստաընկերությունից նշել են, որ ամանորյա ուղերձների վերաբերյալ օրենսդրական կարգավորում չկա, հետևաբար՝ յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ինչ հերթականությամբ հեռարձակի դրանք։ Անցած տարի այս նույն պարզաբանումը հնչեցրել էր Հանրային հեռարձակողի խորհուրդը՝ արձագանքելով քննադատություններին, թե ինչու վարչապետին խոսքին չէր նախորդել կաթողիկոսի ուղերձը; Անգամ խոսել էին խնդիրը օրենքով կարգավորելու անհրաժեշտության մասին, ինչը, փաստորեն, մեկ տարի անց էլ չի արվել։

Այսօրվա ֆեյսբուքյան գրառման մեջ Մայր Աթոռը պնդել է՝ Հանրայինի այս տարվա ծրագրերին տեղեկացել են ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից, Մայր Աթոռի ու Հանրայինի միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել, բայց ակնհայտ միտում են տեսնում, ուստի տարածված հաղորդագրությունում մերժումն այսպես են պատճառաբանել.

«Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ Ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»:

Հանրայինից «Ազատությանը» նաև հայտնել են, որ կաթողիկոսի ելույթը ծրագրված է հեռարձակել պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին՝ լուրերի գլխավոր թողարկումից հետո։ Հեռուստաընկերությունը, սակայն, չի անդրադարձել հարցերին, թե արդյոք Մայր Աթոռի հետ քննարկել են ժամը, ինչո՞ւ են ի վերջո խախտում տասնամյակների ավանդույթը, ընդհանրապես շրջանցել են իշխանություն - եկեղեցի լարվածության թեմայի կապը ուղերձի հեռարձակման հետ։

Իշխանության ու Մայր Աթոռի հակասությունները շարունակվում են 2020-ի պատերազմից հետո, երբ կաթողիկոսը ևս միացավ վարչապետի հրաժարականի պահանջին։

Սուրբ Ծննդյան պատարագներին վերջին տարիների Փաշինյանը չի մասնակցում, նախընտրում է իր ընտրած սաղմոսները կարդալ։

Սառույցն այս տարի էլ չհալչեց, չնայած վարչապետը, նրա հետ նաև՝ իշխանական վերնախավը, ընդունեց Մայր տաճարի վերաօծման հրավերն ու գնաց Էջմիածին։ Բայց դրանից հետո հոգևոր ու քաղաքական վերնախավերը կողք-կողքի հանրային որևէ վայրում չհայտնվեցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանի իշխանության մասին Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը «նույնն է»