Ուկրաինան դեռ կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում, «բայց միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ամուր շարունակական աջակցությամբ», այդ մասին այսօր Պրահայում գումարված ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովից առաջ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրների արտգործնախարարներն այսօր և վաղը Պրահայում քննարկելու են հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:
ԱՄՆ մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի քննարկումների առանցքային թեման Ուկրաինայի պատերազմը կլինի:
Այս ամսվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելացնել օգնությունը և պատերազմին ներգրավվածության աստիճանը, քանի որ ուկրաինական բանակն ավելի քան 1000 կիլոմետրի հասնող ռազմաճակատի գծի ամբողջ երկայնքով հայտնվել է հետզհետե աճող ճնշման տակ:
Ուկրաինայի զինված ուժերի այս դիրքային նահանջը ռազմաճակատում հաջողությունների բացակայությունը բացատրվում է զինամթերքի ու սպառազենի մատակարարումների ամիսներ տևած ձգձգումներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ որոշումները մեկ տարի ուշանում են