Մահեր գաղթի ճանապարհին․ Արցախի վերջին օրերի վերջին զոհերը

Արցախահայերի տեղահանում, սեպտեմբեր, 2023թ.

37-ամյա Արամը, որ հոգեկան խնդիրներ ուներ, ծնողներին խնդրում էր փրկել իրեն ադրբեջանական արկերից, մինչև սիրտը կանգնեց։

Մարտակերտի նոր Ղազանչիից անտառով էին փորձում փախչել։ Մթնեց, վախը սաստկացավ։ Արամի մարմինը մնաց անտառում։ Նրա ծնողները, որ մեկ տարի անց դեռ ժամանակավոր կացարանում են ապրում, որդուց մնացած միակ հիշողությանը՝ անձնագրի լուսանկարին նայել չեն կարողանում։

Մեկ տարի առաջ՝ Արցախում պայթած վերջին պատերազմից հետո տեղահանման ժամանակ, 69 արցախցի է մահացել՝ վախից, վթարներից, դժբախտ պատահարներից։ Օրեր ձգվող գաղթի ճանապարհներին շրջափակման սով, պատերազմական սարսափ ու վառելիքի պահեստի պայթյուն տեսած մարդիկ էին, որ Հակարիի անցակետ տանող խցանման մեջ կաթված էին ստանում կամ իջնում մեքենայից ու գլխապտույտով ձորն ընկնում։

Դժոխք էր այն, ինչ տեսան արցախցիները. մորը կորցրած Հերմինե Քոչարյանն ասում է՝ շատերը չհաղթահարեցին սթրեսն ու մահացան տեղահանումից հետո, «Հայաստան հասանք, բայց չփրկվեցինք». - «Ինչքան արցախցի է, որ սիրտը չի դիմացել, նենց չի, որ դուրս ենք եկել,փրկվել ենք։ Կարող է պայթյունը չես լսում, այդ ձայներից փրկվել ես, բայց նենց չի՝ փրկվել ենք»։

Տեղահանման ժամանակ մահացած 69 արցախցիներից շատերի անուն-ազգանունները, մահվան հանգամանքները հայտնի չեն։ Քննչական կոմիտեում քրեական գործ կա, բայց մանրամասներ չկան։ Ասում են՝ նախաքննություն է։ Որևէ կառույց, կազմակերպություն չի հրապարակել ամբողջական տեղեկատվություն Արցախի վերջին օրերի վերջին զոհերի վերաբերյալ։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.