Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ կայքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինն արդեն 7 ամսից ավելի հասանելի չէ


Արցախի և Հայաստանի դրոշները, արխիվ
Արցախի և Հայաստանի դրոշները, արխիվ

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինն արդեն 7 ամսից ավելի է հասանելի չէ. անվանումը պահպանվել է, բովանդակությունը՝ ոչ։

Էջը անհասանելի դարձավ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի փետրվարյան հայտարարությունից հետո։ «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է», «Ազատությանը» տված հարցազրույցում Էլչին Ամիրբեկովին Հայաստանի ԱԳՆ կայքի կոնկրետ այս ձևակերպումն էր անհանգստացրել։

«Հայկական կողմն ընդունում է, որ սա է իրականությունը, բայց ոչինչ չի արվում այդ փաստերը մեղմելու համար», - հայտարարել էր ադրբեջանցի պաշտոնյան։

Հարցազրույցի հրապարակման օրը էջը դեռ կար, առաջին նախադասությամբ էլ նշվում էր՝ «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է»։ Չորս օր անց այն անհասանելի դարձավ։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Ազատությանն» ասել էր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, բովանդակությունն արտացոլված կլինի «պատշաճ ժամկետներում»։ Թե ո՞րն է այդ պատշաճ ժամկետը, խոսնակը չէր հստակեցրել։

200 օր անց «Ազատություն»-ը կրկնեց հարցը՝ արդյոք Ադրբեջանի մտահոգություննե՞րն են պատճառը, որ բաժինը հասանելի չէ, թե՞՝ խնդիրը տեխնիկական է, արտաքին գերատեսչությունը ծրագրո՞ւմ է այն ընդհանրապես հանել կայքից, եթե ոչ, ե՞րբ հասանելի կլինի։ Գրավոր հարցումը օգոստոսի վերջին է ուղարկվել, օրենքով սահմանված հինգ օրից հետո Արտգործնախարարությունից ևս 30 օր խնդրեցին՝ «հաշվի առնելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը»։ Պատասխանը «Ազատություն»-ը դեռ չի ստացել։

Ինչ էր գրված «Լեռնային Ղարաբաղ» բաժնում, որը հիմա հասանելի չէ

Ի տարբերություն ԱԳՆ պաշտոնական կայքի՝ Հայաստանի դեսպանությունների էջերում Լեռնային Ղարաբաղի ենթաբաժնի բովանդակությունը պահպանված է։ Այստեղ ընդգծվում է, որ Արցախը եղել է պատմական Հայաստանի մաս, որը Ադրբեջանի կազմում ընգրկվել է խորհրդային իշխանությունների պարտադրանքով։

«1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի նիստում հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը, և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը», ասված է դեսպանությունների էջերում:

Դեսպանությունների կայքերում պահպանված է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը՝ որպեսզի բանակցություններն արդյունավետ լինեն, դրանց պետք է մասնակցի Ստեփանակերտը, հակամարտության կարգավորման հիմքը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ տեսակետ, որն իր վարչապետության երկրորդ իսկ օրը բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը։

Պաշտոնական Երևանի պայմաններն էին նաև՝ Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտվող անխափան ցամաքային կապ, Ղարաբաղի անվտանգությունն էլ պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի: Արտաքին գերատեսչությունն ընդգծում էր՝ Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից, Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմքեր:

Արդյոք Ադրբեջանի քննադատությունն էր այս տեքստը հեռացնելու պատճառը՝ ԱԳՆ-ից չեն հստակեցնում։

Ինչ է գրված Ադրբեջանի նախագահի կայքում

Մինչ այդ Ադրբեջանի նախագահի կայքում շարունակում են պահպանվել տեքստեր, որտեղ տարածքային նկրտումներ կան Հայաստանի նկատմամբ։

«Արյան հիշողություն» բաժնում անգամ հաշվել են այն տարածքները, որտեղ մինչև 1988-ն ապրել են ադրբեջանցիները՝ Հայաստանի 29.800 քկմ-ի 25 տոկոսը կամ մոտ 7.500 քկմ-ը, ըստ նախագահի պաշտոնական կայքի, «ադրբեջական պատմական հողեր» են։

Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չի թվարկել. - «Երևանի խանությունը, Զանգեզուրն ու Գեյչան՝ Սևանա լճի հարակից տարածքները պատմական տարածքներն են, ու ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր»։

Երևանը Ադրբեջանի մայր օրենքի ձևակերպումները փոխելու պահանջ չի դնում

«Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է անում 91թ. պետական անկախության ակտին, պետական անկախության ակտն իր հերթին հղում է անում Ադրբեջանի առաջին հանրապետությանը և հռչակագրին։ Այդ հռչակագրում գրված է, որ Ադրբեջանը հիմնադրվում է Հարավային և Արևելյան Անդրկովկասի տարածքում, և բացի այդ 19թ. Անտանտի պետություններին և Ազգերի լիզային ներկայացրել է քարտեզ պաշտոնապես իր տարածքի մասին, որը ներառում է ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի մարզից հատված, Տավուշի մարզից հատված, Լոռու մարզից հատված, Շիրակի մարզից հատված։ Սա ակնհայտ տարածքային պահանջ է Հայաստանի դեմ», - ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանը, սակայն, Ադրբեջանի մայր օրենքի ձևակերպումները փոխելու պահանջ չի դնում։

«Չենք ասում՝ Ադրբեջանը թող Սահմանադրությունը փոխի, որ խաղաղության պայմանագիր ստորագրենք, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար։ Մենք համարում ենք, որ այդ հարցը այդ հոդվածով լուծվում է», - ասել է Հայաստանի վարչապետը։

Ի տարբերություն Երևանի՝ Բաքուն ամենօրյա ռեժիմով պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ հղում կա Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորման մասին Անկախության հռչակագրին։

Ի դեպ, տարեսկզբին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Ամիրբեկովն ասել էր՝ Բաքուն խնդիրներ է տեսնում ոչ միայն արտգործնախարարության կայքի ու Սահմանադրության, այլև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում, ինչպես նաև միջազգային դատարաններ ներկայացրած հայցերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG