Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսության առերևույթ դեպքով քրեական վարույթի նախաքննությունը, հաղորդում է Քննչական կոմիտեն:
Հաղորդագրության համաձայն՝ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Գ.–ն՝ Սարգիս Գալստյանը, 2018-2023 թվականներին Արցախում զբաղեցնելով տարբեր՝ մասնավորապես` Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա` Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ «Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Ս.Գ.–ն համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը», - ասված է հաղորդագրությունում:
Այնուհետև, ըստ Քննչականի, Ս.Գ.–ն օտարերկրյա հետախուզության ծառայության հիշյալ աշխատակցի առաջադրանքով, «2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ. սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ` այդպիսով կատարելով լրտեսություն»:
«2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո Ս.Գ.–ն, օտարերկրյա հետախուզության ծառայության վերը նշված աշխատակցի կողմից ստանալով պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին», - ասված է Քննչականի հաղորդագրությունում:
Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո Գալստյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Քրեական վարույթից Գալստյանի վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Փաստաբանն անցած ամիս «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ Սարգիս Գալստյանն խոստովանական ցուցմունք է տվել սպառնալիքների ներքո: Նա հրաժարվել է այդ ցուցմունքից, և «բացի այդ խոստովանական ցուցմունքը, ներկայումս այլ փաստական տվյալ չկա», - ասել էր Ալեքսանդր Կոչուբաևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանի պնդմամբ՝ Սարգիս Գալստյանը խոստովանական ցուցմունք է տվել սպառնալիքների ներքո, ՔԿ-ն հերքում է