Լոս Անջելեսի լեռնային հատվածներում երեկվանից սրընթաց տարածվող հրդեհի հետևանքով բազմաթիվ կառույցներ են տուժել, ավելի քան 30 հազար մարդ տարհանվել է։
Ամերիկյան պաշտոնական աղբյուրների համաձայն, կրակը տարածվել է ընդհանուր առմամբ մոտ 1200 հեկտար տարածքում՝ հիմնականում ափամերձ Սանտա Մոնիկա, Մալիբու և Փասադենա քաղաքների մերձակայքում։
Հաղորդվում է մի քանի տուժածների մասին, ոմանք դեմքի և ձեռքերի այրվածքներ են ստացել։
Իշխանությունները չեն հրապարակել այրված տների թիվը, միայն նշել են, որ վտանգի տակ է ավելի քան 13 հազար շինություն։
Լոս Անջելեսում այժմ գիշեր է, պաշտոնական աղբյուրներն ակնկալում են, որ լուսաբացին կրակը կարող է ավելի ուժգնանալ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որն այս օրերին Լոս Անջելեսում է, իր հյուրանոցի պատուհանից է տեսել տարածվող ծուխը։ Սպիտակ տան ղեկավարը հավաստիացրել է, որ քայլեր են ձեռնարկվում հրդեհի մարման և կրակի օջախները վերացնելու ուղղությամբ։
Հարավային Կալիֆորնիայում, որտեղ գտնվում է Լոս Անջելեսը, մայիսից ի վեր ընդամենը 2,5 միլիմետր տեղումներ են արձանագրվել։ Տարածաշրջանում առկա չոր քամիները նպաստում են ավելի տաք եղանակին և բարդացնում կրակի դեմ պայքարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում շուրջ 50 հազար մարդ է տարհանվել