Լեհաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են զարգացնել ռազմարդյունաբերական համագործակցությունը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ու Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Վարշավա, 22-ը օգոստոսի, 2024թ․

Վարշավայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ ասուլիսում Լեհաստանի վարչապետն ասել է, թե ցանկանում են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում։

Հնդկաստանի վարչապետն իր հերթին ասել է, թե «ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցությունն արտացոլում է մեր փոխադարձ վստահությունը։ Մենք կշարունակենք ամրապնդել այդ համագործակցությունը»։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, նա կրկնել է իր դիրքորոշումը, ասելով թե պատերազմը չի կարող որևէ հակամարտության լուծում լինել։

«Մենք աջակցում ենք երկխոսությանն ու դիվանագիտությանը։ Հնդկաստանը պատրաստ է իր օգնությունն առաջարկել Ուկրաինայում և Ասիայի արևմուտքում հակամարտությունները դադարեցնելու համար՝ խորհրդակցելով բարեկամ երկրների հետ»,- ասել է Մոդին։

Հնդկաստանի վարչապետը Վարշավայից մեկնելու է Կիև։ Անցած ամիս նա Մոսկվայում բանակցել էր Վլադիմիր Պուտինի հետ, ինչի կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափություն էր հայտնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոդին օգոստոսին կայցելի Կիև