Քուրթուլմուշը Գաֆարովայի հետ խոսել է «Զանգեզուրի միջանցքից», Սիմոնյանի հետ՝ ոչ

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներ Ալեն Սիմոնյանի և Նուման Քուրթուլմուշի հանդիպումը Ժնևում, 14-ը հոկտեմբերի, 2024թ.

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը կրկին Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրաստիճանների քննարկման օրակարգում է, Երևանից պաշտոնյաները հայտարարում են՝ արտատարածքային ճանապարհը Հայաստանի կարմիր գիծն է։

Մինչև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակը Ժնևում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ զրույցում հույս է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» կարճ ժամանակում կբացվի՝ օգուտ բերելով Ադրբեջանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս ժողովուրդներին։

«Եթե նրանք այդ տերմինն են շարունակում օգտագործել, ապա պետք է ենթադրել, որ առնվազն արտատարածքային ճանապարհի մասին են խոսում, ինչը կարմիր գիծ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործումը Հայաստանի համար անընդունելի է, ընդգծեց Խանդանյանը։

«Այո, պատրաստ ենք բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանի Հայաստանի միջով, բայց այն սկզբունքների վրա, որոնց մասին բազմիցս խոսել ենք: Ուստի այս տերմինի օգտագործումը, որը Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ օգտագործվել է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու կոնտեքստում կամ արտատարածքային ճանապարհ ունենալու կոնտեքստում, բացարձակապես չեն նպաստում այս գործընթացի արդյունավետությանը», - հայտարարեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Տարաձայնությունները կարո՞ղ են դառնալ էսկալացիայի առիթ, կա՞ անհանգստություն, որ Ադրբեջանը կարող է ուժով բացել արտատարածքային միջանցքը. - «Քանի դեռ առաջընթաց չլինի բանակցություններում, իսկ խաղաղության պայմանագրի դեպքում, իմ կարծիքով, դա ստորագրումն է խաղաղության պայմանագրի, որովհետև մենք մեր արած առաջարկով ցույց ենք տալիս, որ մենք պատրաստ ենք դա շուտափույթ ստորագրել, և նաև ապաշրջափակման թեմայով եթե առաջընթաց չգրանցենք, իհարկե, լարվածությունը և անկայունությունը տարածաշրջանում կշարունակվի», - նշեց Խանդանյանը:

Ապաշրջափակման հարցին Երևանն ու Բաքուն պայմանավորվել էին վերադառնալ խաղաղության պայմանագրից հետո, բայց վերջին ամսվա ընթացքում հենց այս հարցն է տարածաշրջանային երկրների մեծամասնության քննարկումների առանցքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը Բաքվին առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակման գործընթացը«Ադրբեջանը մտահոգված է, որ նախագիծը Հայաստանին միլիարդավոր օգուտներ կբերի»․ ինչու «Խաղաղության խաչմերուկն» իրականություն չի դառնումԱլեքսեյ Օվերչուկը հայտարարում է՝ ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»

Բաքուն ու Մոսկվան Հայաստանին մեղադրում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, Երևանն ի պատասխան առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակումը՝ պահպանելով երկրների ինքնիշխանությունը։

Երևանը տարեսկզբին պարզեցված ընթացակարգեր է առաջարկել

Ինչպես «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, այնպես էլ Երևանի ներկայացրած ապաշրջափակման առաջարկներին Բաքուն չի պատասխանել։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը փակագծեր է բացել՝ Երևանը պարզեցված ընթացակարգեր է առաջարկել, Խանդանյանի տեղեկություններով՝ տարեսկզբին. - «Խոսքը այն հեշտացված ընթացակարգերի մասին է, որով Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան անցումը կարելի է կազմակերպել՝ մաքսային ընթացակարգերի պարզեցումները, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, և այլն, և այլն: Մեծ առաջարկը դա «Խաղաղության խաչմերուկն» է՝ բացել բոլոր կոմունիկացիաները՝ երկաթուղային և ավտոճանապարհները, բայց նաև մտքում ունենալով այլ կոմունիկացիաներ՝ էլեկտրալարեր, գազամուղներ, ինտերնետային մալուխներ և այլն: Իսկ ավելի կոնկրետ այդ հատվածի անցման հետ կապված պարզեցված ընթացակարգերի վերաբերյալ առաջարկ է ներկայացվել Ադրբեջանին: Պաշտոնապես պատասխան չի եղել»:

Երեկվանից փակագծեր չեն բացվում՝ ինչո՞ւ Ժնևում չեղարկվեց Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը։ Պաշտոնապես միայն հայտարարվեց՝ ադրբեջանական կողմն է վերջին պահին հրաժարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից, պատճառների մասին Ալեն Սիմոնյանն անձամբ է խոստացել խոսել։ Ըստ նախնական հաղորդումների՝ պետք է քննարկեին խաղաղությանն ուղղված ջանքերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է

Հանդիպումը չկայացավ, մասնավորապես, խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ հայ - ադրբեջանական տարաձայնությունների ֆոնին։

Վերջին շաբաթներին Բաքուն բազմիցս մերժել է հայկական առաջարկը՝ պայմանագիրը ստորագրել համաձայնեցված կետերով՝ հետոյին թողնելով տարաձայնությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանն Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպումներ անցկացնել, ապա մինչև COP29-ը ստորագրել խաղաղության պայմանագիրը. Խանդանյան«Համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ». ՍիմոնյանԱդրբեջանն անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկըՓաշինյանը կրկին առաջարկում է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է

Անկարան հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը պարբերաբար է կապել հայ - ադրբեջանական համաձայնությունների հետ։ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ադրբեջանցի գործընկերոջ հետ երեկվա հանդիպման մասին X-ում հրապարակման մեջ էլ շեշտել էր՝ «միշտ ուս-ուսի ենք եղբայրական Ադրբեջանի հետ»։

Սիմոնյանի հետ հանդիպմանը Քուրթուլմուշը «Զանգեզուրի միջանցքից» չի խոսել

Սիմոնյան - Գաֆարովա հանդիպման չեղարկման ֆոնին երեկ Ժնևում՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովի կուլիսներում հանդիպեցին Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

Քննարկման օրակարգում, փոխանցեցին օրենսդրից, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումն էր, հայ - ադրբեջանական բանակցությունները. - «ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին»:

Երեկվա հանդիպմանը թուրքական կողմն առավելապես երկկողմ օրակարգն էր շեշտել, ի տարբերություն Գաֆարովայի հետ հանդիպման հաղորդագրության՝ ոչ մի խոսք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Քուրթուլմուշը Թուրքիայի առաջնահերթություններից է խոսել՝ նվազեցնել լարվածությունն ու կարգավորել երկկողմ հարաբերությունները։ Մեջլիսի նախագահն ասել է՝ կարգավորումից երկու կողմն էլ կարող են միայն շահել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիմոնյանն ու Քուրթուլմուշը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցերԺնևում հանդիպում են Ալեն Սիմոնյանն ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը

Թեև թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար են խոսում հարաբերությունների բարելավումից, Անկարան գրեթե երեք տարի է շոշափելի ոչ մի քայլ չի կատարել հաշտության ուղղությամբ։ Երեք տասնամյանից ավելի փակ սահմանը շարունակում է փակ մնալ, դիվանագիտական հարաբերություններ էլ չեն հաստատվել։