Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։

Հանդիպման չեղարկման պատճառների մասին ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ, հավելել է նրա մամուլի քարտուղարը։

Հանդիպումը նախատեսված էր Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում։ Կառույցի խոսնակ Թոմաս Ֆիցսիմոնն ասել էր, որ Սիմոնյանն ու Գաֆարովան կքննարկեն տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։

Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի նիստը նախատեսված է հոկտեմբերի 13-17-ը:

  • Սիմոնյան-Գաֆարովա վերջին հանդիպումն այս տարվա մայիսին էր Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չի հաղորդել։ Բաքուն միայն տեղեկացրել է, որ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են խորհրդարանների ներդրումը խաղաղության գործընթացին։
  • Սիմոնյանի և Գաֆարովայի մարտին կայացած առաջին հանդիպումը Երևանը կառուցողական էր որակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG