Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանից մարդկանց պարտադիր տարհանելու որոշում է կայացվել, Տելեգրամում գրել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ ըմբռնումով վերաբերվել ստեղծված իրավիճակին և հետևել անվտանգության ուժերի և տեղական իշխանությունների բոլոր ցուցումներին», - գրել է Սմիրնովը։
Այս հայտարարությունից գրեթե երկու ժամ առաջ տարհանում էր հայտարարվել Ուկրաինայի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գլուշկովո քաղաքից։
Ռուսական «ռազմական բլոգերները» պնդում են, որ որոշումն ընդունվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Գլուշկովոյում Սեյմ գետի վրա գտնվող կամուրջի գնդակոծության ֆոնին։ Նշվում է, որ այդ կերպ ուկրաինական բանակը փորձում է խափանել հակառակորդի նյութատեխնիկական ապահովման ուղիները։
Գլուշկովսկի շրջանն արևմուտքից և հարավից սահմանակից է Ուկրաինային, իսկ արևելքից Սուջայի շրջանն է, որտեղ մարտերը շարունակվում են օգոստոսի 6-ից։ Գլուշկովսկի շրջանի բնակչությունը 2022 թվականի սկզբին կազմել է մոտ 20 հազար մարդ։
Ուկրաինական ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ մարդասիրական միջանցք է բացում խաղաղ բնակիչների տարհանման համար՝ ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ դեպի Ուկրաինա։
Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերը շարունակել են Կուրսկի մարզում առաջնագծի ընդլայնումը, հայտնում են ոչ միայն ուկրաինական աղբյուրները, այլև ռուսական տելեգրամյան ալիքները։
Արդեն 9-րդ օրն է մարտերը շարունակվում են Ռուսաստանի Կուրսկի մարզի տարածքում։ Ուկրաինական կողմը պնդում է, որ տասնյակ բնակավայրեր է վերահսկում, այդ թվում՝ Սուջա շրջկենտրոնը։ Ռուսաստանի իշխանությունները կա՛մ հերքում են այդ տեղեկությունները, կա՛մ չեն մեկնաբանում։ Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այդ հաղորդումների իսկությունը։
Կուրսկի մարզում դաշնային արտակարգ դրություն է հայտարարվել։ Տարածաշրջանից տարհանվել է ավելի քան 120 հազար մարդ։ Ավելի քան երկու հազար բնակիչ գրեթե մեկ շաբաթ է կապի դուրս չի գալիս։
Տարհանում է իրականացվում նաև Ուկրաինային սահմանակից Բելգորոդի շրջանից, որի իշխանությունները նույնպես նախատեսում են դաշնային մակարդակով արտակարգ ռեժիմ սահմանել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պնդում է՝ ետ է շպրտում ուկրաինացիներին ՌԴ տարածքից, իսկ Կիևը հայտարարում է նոր տարածքներ գրավելու մասին