Կրկին ամբաստանյալի աթոռին. մեկնարկեց Քոչարյանի և մյուսների դատավարությունը

Արխիվային լուսանկար

Արդարացվելուց երեք տարի անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին երեք ենթակաները կրկին ամբաստանյալի աթոռին են նույն՝ 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական արյունալի դեպքերի գործով։ Նրանց արդարացման որոշումն ուժի մեջ չմտավ, այլ բեկանվեց Վճռաբեկ դատարանի կողմից, ու գործը նորից ուղարկվեց կրկին առաջին ատյան՝ նոր քննության։ Բայց նախկին նախագահին ու մյուսներին նոր հոդվածով մեղադրանք դեռ չի առաջադրվել։

«Գործի քննությունը զրոյից է սկսվում», - հայտարարեց դատախազ Հայկ Հովհաննիսյանը:

Երկրորդ նախագահն ու փաստաբանները բացակա էին, դատավորը հայտարարեց, որ Քոչարյանի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Հետո նախկին նախագահի գրասենյակը հայտարարեց, որ Քոչարյանը սեպտեմբերի 18-ից մասնավոր այցով արտերկրում է և ծանուցում չի ստացել, պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա դատարան։

«Դատարանը չունի պատշաճ ծանուցում մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով առնվազն», - ասաց դատավոր Սարգիս Պետրոսյանը:

Նախկին նախագահը, նրա աշխատակազմի ղեկավարը, Գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության փոխնախարարն արդարացվել էին 2021 թվականին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց նրանց վերագրվող՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածը։ Եվ չնայած այն ժամանակ Գլխավոր դատախազությունն առաջարկել էր հնարավորություն տալ այլ հոդվածով մեղադրանք առաջադրել, դատավորը մերժել էր ու անցել էր խորհրդակցական սենյակ, արդարացրել ամբաստանյալներին՝ ոչ թե որովհետև ապացուցվել էր անմեղությունը, այլ քանի որ վերագրվող հոդվածն այլևս գոյություն չուներ։ Գլխավոր դատախազությունն էլ արդարացման որոշումը բողոքարկել էր մինչև Վճռաբեկ:

«Թե՛ Սահմանադրական դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանը արձանագրեցին, որ մեղադրողները այն ժամանակ ունեցել են իրավասություն՝ փոխելու մեղադրանքը: Հետևաբար, ձեր հարցի պատասխանը հենց պարունակում է Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումները», - դատական նիստից հետո լրագրողներին ասաց դատախազ Հայկ Հովհաննիսյանը:

Դատախազի խոսքով՝ Վճռաբեկն ամրագրել է, որ դեռ տարիներ առաջ կարող էին առանց Սահմանադրական դատարանի կարծիքը հարցնելու նոր մեղադրանք առաջադրել Քոչարյանին ու մյուսներին։ Երեք տարի առաջ Դատախազության նշած նոր հոդվածը պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին էր, բայց սրանով վաղեմության ժամկետն արդեն լրացել է:

Արդյո՞ք նոր մեղադրանք առաջադրելն իմաստ ունի: Դեռ ամիսներ առաջ գլխավոր դատախազն էր ընդունել՝ եթե նույնիսկ մեղավոր ճանաչվեն, պատասխանատվության չեն ենթարկվի:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է՝ Դատախազությունը նոր մեղադրանք կամ վերաորակման մասին որոշում չկայացնի, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Ոչ, ոչ, ոչ»:

Երբ Գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք կներկայացնի Քոչարյանին ու մյուսներին, դատախազը չասաց։ Դատախազ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց միայն, որ կան որոշակի ընթացակարգեր, որոնք անցնելուց հետո որոշումը կներկայացնեն դատարան: Դատախազը ոչ ընթացակարգը չմանրամասնեց, ոչ էլ, թե կոնկրետ որ հոդվածով են պատրաստվում մեղադրանք առաջադրել:

«Ես չասացի, որ դեռևս որոշում չկա, ես ասացի, որ որոշակի ընթացակարգերը հաղթահարելուց հետո նման որոշում կներկայացվի», - նշեց Հայկ Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որ տասը մարդու կյանք խլած 2008-ի հետընտրական բախումների ժամանակ Գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության փոխնախարարն էր, լրագրողների հետ զրույցում պնդեց՝ սա քաղաքական հետապնդում է: Իշխանությունները, մինչդեռ, հերքում են միջամտությունը դատական իշխանության գործերին։

«Միանշանակ է, որ այս ամեն ինչը անց է կացվում այսօրվա քաղաքական իրադարձությունների շրջանակներում, բայց ... այսինքն՝ ինչպես եղել է, այնպես էլ քաղաքական հարթության վրա է, քաղաքական հետապնդումների շրջանակներում է: Այս հոդվածով իրականացվող գործընթացը որակվել է որպես հակասահմանադրական», - լրագրողների հետ զրույցում ընդգծեց Օհանյանը՝ հավելելով. - «Բերեք մի հատ հասկանանք, որովհետև էդ փաստաթղթերը մենք ամբողջությամբ չենք ստացել, հասկանանք՝ ամբողջ գործընթացը ոնց է իրականացվելու, դրանից հետո պատասխան կտանք»:

Դատարան էին եկել նաև 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը։ Թե՛ Քոչարյանը և թե՛ նրա նախկին ենթակաները մեղքը չեն ընդունում, մինչդեռ մարտի 1-ին զոհվածների հարազատներն արդեն 16 տարի է պնդում են՝ հանրահավաքի մասնակիցներին սպանել են հենց այդ ժամանակվա բարձրագույն իշխանության թողտվությամբ։

Տուժողների հարազատներն այսօր ևս դատարանում էին։ Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հույս ունի, որ վաղեմության ժամկետ, այնուամենյանիվ, չի կիրառվի:

«Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Իմ կարծիքը՝ որ պետք է լավ լինի: Ակնկալում եմ, որ էս դատավորը արդար դատական ակտ կկայացնի», - հայտարարեց Քլոյանը:

2008-ի մարտի 1-ից 16 տարի անց անորոշ է տասը մարդու սպանության քրեական գործի ճակատագիրը։ Իրավապահները թեև պնդում են, թե քննությունը շարունակվում է, բայց նաև խոստովանում են, որ ապացույցներ հավաքելու խնդիր ունեն։ Սպանությունների համար ոչ ոք առայսօր պատասխանատվության չի ենթարկվել, անգամ մեղադրյալ չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը Քոչարյանին և մյուսներին առնչվող նոր որոշում կուղարկի դատարանՎճռաբեկը Քոչարյանի և մյուսների գործն ուղարկեց նոր քննության