Կրեմլը վերահաստատում է իր վճռականությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու հարցում։ Ռուսաստանի նախագահականից հնչող հայտարարությունը հաջորդում է Սիրիայի առաջնորդի մեկնաբանությանը՝ ապստամբների հարձակմանը դիմակայելու հարցում դաշնակիցների «կարևորության» մասին։
«Իհարկե, շարունակում ենք աջակցել Բաշար Ասադին և համապատասխանաբար շարունակում ենք շփումները, վերլուծում իրավիճակը», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանը կձևավորի «դիրքորոշում այն մասին, թե ինչ է անհրաժեշտ իրավիճակի կայունացման համար»։
Սիրիայի բանակը Ռուսաստանի զինուժի աջակցությամբ վերջին օրերին փորձում է կանխել Ասադի ռեժիմին ընդդիմացող խմբավորումների առաջխաղացումը։ Մի քանի օր շարունակվող լայնածավալ հարձակումների ընթացքում ապստամբ զինյալներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Հալեպի նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակակառավարական զինյալները գրավել են Հալեպի մեծ մասը, օդանավակայանը փակ է