ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց չեն ունեցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հեռախոսարույցի մասին տեղեկությունները բացարձակ սուտ համարելով։
«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Սա ուղղակի սուտ տեղեկություն է», - ըստ «Ռիա Նովոստի» գործակալության՝ լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ The Washington Post-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, կոչ արել չսրել պատերազմն Ուկրաինայում, «պատերազմի շուտափույթ լուծման հարցում» բանակցությունների հետաքրքրություն է հայտնել, ինչպես նաև հիշեցրել է Եվրոպայում Վաշինգտոնի նշանակալի ռազմական ներկայության մասին:
The Washington Post-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրները, նաև գրել էր, թե Կիևը տեղեկացված է եղել Պուտինի հետ հեռախոսազանգի մասին և առարկություններ չի ունեցել։
Սակայն ավելի ուշ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Կիևը նախապես չի տեղեկացվել Թրամփ-Պուտինի հեռախոսազրույցի մասին, հետևաբար, «Ուկրաինան չէր կարող հավանություն տալ կամ դեմ լինել զանգին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, կոչ արել չսրել պատերազմն Ուկրաինայում․ The Washington Post ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Ուկրաինայի՝ Կիևը նախապես չի տեղեկացվել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին