Ինչո՞ւ է Քննչական կոմիտեի նախագահը ենթադրյալ կոռուպցիայի, հովանավորչության մասին տեղեկացել, բայց այդ մասին բարձրաձայնել միայն խորհրդարանում իշխանական պատգամավորի հետ թեժ վեճի արդյունքում։ Ինչո՞ւ Արգիշտի Քյարամյանը քննություն չի նախաձեռնել։ Քննչականից «Ազատությանն» առաջարկեցին այս հարցերի պատասխանը ստանալու համար գրավոր դիմել։
Արգիշտի Քյարամյանը ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի որդուն առնչվող ու արդեն երկու տարի քննվող գործից խոսեց երկու շաբաթ առաջ, երբ իշխանական պատգամավորը դիտողություն արեց իրեն։
«Պարոն Աղազարյան, խնդրում եմ, նաև մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն այդպիսի վարույթներով վերադարձնելու վերաբերյալ», - նշել է Քյարամյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոտքից գլուխ արան ես». «տղայական» լեզվակռիվ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև ԱԺ-ումԳլխավոր դատախազությունից երեկ հաղորդեցին, որ Քյարամյանի՝ խորհրդարանում այս հայտարարությանը հետևել է քրեական գործ՝ երկու դրվագով՝ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։ Կոնկրետ ինչ դրվագներ են, գործը քննող Հակակոռուպցիոնը չի մանրամասնում։
«Հիմա, երբ որ քրեական գործ է հարուցվել, երկու ելք է հնարավոր՝ եթե պարոն Քյարամյանը հիմնավորի, որ դա եղել է, այդ դեպքում ես էլ կլինեմ մեղադրյալ, ինքն էլ կլինի մեղադրյալ. ես որ միջամտել եմ, ինքը, որ պարտակել է: Եթե չկարողանա հիմնավորի, ուրեմն ինքը կլինի միայն մեղադրյալ զրպարտելու համար», - ասաց Աղազարյանը:
Աղազարյանը պատրաստ է հարցաքննվել, սպասում է այս գործի բացահայտմանը
Քյարամյանին հերքող իշխանական պատգամավորը պատրաստ է հարցաքննվել, սպասում է այս գործի բացահայտմանը, անգամ պատրաստ է մանդատից զրկվել, եթե ապացուցվի, որ ինքն, իսկապես, միջնորդել է որդու համար։ Ավտոներկրմամբ զբաղվող պատգամավորի որդին, ի դեպ, մեղադրյալ չէ։
«Ես կարամ նույնիսկ մանդատից հրաժարվեմ, թե ապացուցեն, որ էդպիսի բան կա, նենց բան, որ ապացուցվի, պարոն Աղազարյան, այս մարդը Ձեր անունից եկել է: Բա եթե ապացուցվի, ես ինձ չեմ դնի ծանր վիճակի մեջ», - նշեց նա:
Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամ Աղազարյանը պատմում է՝ օրենքով, երբ ներկրված ապրանքը արտահանում ես, ավելացված արժեքի հարկը պետությունը վերադարձնում է տնտեսվարողին։ Ասաց՝ այս հարցը ժամանակին իրենց հանձնաժողով է հասել, երբ որդին դեռ այս գործով չէր էլ զբաղվում։ Իրենք էլ տնտեսվարողներին ներկայացրել էին այս հնարավորությունը։ Որդին ընկերոջ հետ դրանից հետո է սկսել զբաղվել ավտոներկրմամբ. - «Բացեցին ընկերություն, 50 հազար դոլար վարկ վերցրին ու զբաղվեցին էդ բիզնեսով»:
Բայց մի օր պարզել են, որ Պետական եկամուտների կոմիտեն ավտոներկրողներին մեղադրում է հարկեր թաքցնելու համար, գործերն էլ ուղարկել է Քննչական կոմիտե։ Աղազարյանը դժգոհ է քննությունից. - «Այդ գործը, որ ընդամենը 3 ժամվա գործ է՝ քննել ու մի օրում ուղարկել դատարան, երկու տարի է ձգձգվում է»:
Քննչական կոմիտեն Աղազարյանի որդուն առնչվող գործով տվյալներ չի հրապարակում: Միայն հայտնի է, որ քննչական մարմնում կան ավտոներկրողների առնչվող մի քանի գործեր։ Ըստ դրանց, ներկրված ավտոմեքենաների իրական արժեքներն ու իրական ձեռք բերողներին թաքցնելով՝ այդ ընկերությունները պետությանը պատճառել են մի քանի միլիոն դոլարի վնաս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կա՞ կարգապահական վարույթ Արգիշտի Քյարամյանի դեմ՝ ոչ մի պետական կառույց չի մանրամասնումԽորհրդարանում մինչև Քյարամյանի հետ վեճը՝ Աղազարյանը նրան հարցրել էր՝ ո՞նց ստացվեց, որ «այս տխրահռչակ գործով հարյուրավոր մարդիկ դարձան հանցագործ», Քննչականի ղեկավարն էլ արձագանքել էր. - «Նախ, ում համար տխրահռչակ, ում համար էլ շուրջ 10 միլիարդի պետությանը պատճառված վնասի վերականգնում: Ավտոներկրողների մի զգալի հատված մեքենաները ներմուծելով, այսինքն, քաղաքացիների կողմից իրենց ֆինանսական միջոցներով ձեռք բերված ավտոմեքենաները ներկայացնում են որպես տնտեսվարման ընթացքում արտասահմանից ներմուծման առարկա, ընկերությունով ներմուծում են Հայաստան, էժան գնով վաճառում են այն անձին, ով իր միջոցներով և իր համար մեքենան բերել է Հայաստան, հարկերից խուսափում են, դրա արդյունքում քիչ է հարկերից խուսափում են, մի հատ էլ հանդգնում են գնալ ու պետությունից ավելացված արժեքի հարկի դեբետ կանխիկացնել»:
Քյարամյանի այս բացատրության ընթացքում էլ կրքերը թեժացել էին։ Ըստ ներկաների, դահլիճից Քյարամյանն իրեն ուղղված վիրավորական ռեպլիկ էր լսել ու վրդովվել. - «Բան ասացի՞ք, այ սև շորերով պատգամավոր, Ձեր մասին է խոսքը, կողքերը մի նայեք»:
Թե ո՞վ էր սև շորերով պատգամավորը, ՔՊ-ականները չեն ասում, ոչ էլ բացահայտում՝ արդյոք դա հետևանքներ կունենա՞ այդ պատգամավորի համար։ Աղազարյանն ինքը կուսակցությունում այս միջադեպով հարուցված վարույթի շրջանակում մանրամասներ էր ներկայացրել ու պատմել, որ Քյարամյանի ուղղությամբ վիրավորական ռեպլիկը ինքը չի լսել։ Վարչապետն էլ անցած շաբաթ տեղեկացրել էր, որ կան վարույթներ, բայց թե արդյոք երկրորդ վարույթն առնչվում է Քննչականի ղեկավարի պահվածքին, մինչև հիմա չեն մանրամասնում։
Օրենքով Քննչական կոմիտեն ունի նման հնարավորություն, բայց այս դեպքում Քյարամյանի դեմ միջնորդություն պետք է ներկայացնեն նրա ստորադասները։ Կոմիտեից չեն ասում՝ արդյոք ներսում նման գործընթաց կա։