Իշխող մեծամասնությունն այսօր տապալեց արցախցիների կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Ընդդիմության նախաձեռնությամբ հանձնաժողովը ստեղծվել էր իրավունքի ուժով, սակայն դրա կազմը հաստատելու համար անհրաժեշտ էին «Քաղաքացիական պայմանագրի» «կողմ» քվեները:
Իշող խմբակցությունը պատճառաբանեց, թե հանձնաժողով ստեղծելու ընդդիմության բացատրությունները համոզիչ չեն, ու դեմ քվեարկեց նախագծին։
«Լսելով հիմնական զեկուցողին՝ չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչու են պետք այս հարցերի, եթե ունեն նման հարցեր, դրանց պատասխաններն ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ։ Հիմնավորումները մեզ համար բավականին փաստարկված չէինք», - հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խանումյան. Արցախ վերադարձի իրավունքի ֆիքսումը տարբեր միջազգային փաստաթղթերում պիտի տեղի ունենա
Հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր տեղահանված արցախցիների սոցիալական պայմանները, գնահատեր կարիքները, անդրադառնար կառավարության ծրագրերի արդյունավետությանը, լուծումներ առաջարկեր: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նաև պարզաբանել էր՝ հանձնաժողովի գլխավոր խնդիրներից մեկն էլ լինելու էր գործադիրի հետ համատեղ աշխատանքը, որ կանխվի արցախահայերի արտագաղթը:
Մինչ հարցը կդրվեր քվեարկության, Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ ամեն ինչ արել են, որ հանձնաժողովի քննարկման շրջանակը զերծ լինի իշխանության համար կնճռոտ հարցերից, բայց եթե անգամ դրանից հետո դեմ քվեարկեն, ապա կնշանակի՝ անգամ հումանիտար հարցերում ՔՊ-ականները արցախցու կողքին չեն:
«Հերթական անգամ դավաճանում են Արցախը, ուրանում են Արցախը, և մեր ժողովրդի համար էլ սա պետք է լինի ցուցիչ ըստ էության», - ասաց պատգամավորը։
Իշխանական մեծամասնությունից, սակայն, հիշեցրին՝ տեղահանումից հետո սոցիալական աջակցության ինչ ծրագրեր է կառավարությունը մշակել և իրագործել արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար: Գործադիրը տեղահանվածներին 40+10 հազարական դրամ է վճարում կոմունալ ծախսերի ու բնակվարձի համար, գործում է նաև բնակարանային աջակցության ծրագիրը։ Դրա առաջին փուլը չորս ամիս առաջ է մեկնարկել, բայց վերջին տվյալներով՝ կառավարությունը դեռ 900 ընտանիքից է հայտ ստացել, որից միայն 30-ն են հաստատել։ Մյուսներն ուսումնասիրման փուլում են, որոշ դիմումներ չեն հաստատվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ում արցախահայերի վերադարձի տեսլական չունեն, ընդդիմությունը պահանջում է հարցն օրակարգից չհանել
«Խորհրդարանական ընդդիմությունը իր պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որպեսզի անի հարցապնդումներ, հարցադրումներ և փորձի գտնել այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց այս գործընթացների հետ կապված», - ասաց Հայկ Կոնջորյանը։
Չնայած սրան՝ ընդդիմությունից պնդում են՝ այդ ծրագրերը բազմաթիվ խութեր ունեն, դրա վկայությունն այն է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով արցախզիներն ահազանգում են իրենց սոցիալական խնդիրների մասին:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը հանձնաժողովի կազմը չհաստատելու իշխանության որոշման հիմքում տեսնում է նաև Ադրբեջանի գործոնը: Սեյրան Օհանյանն արդեն քվեարկությունից հետո ասաց՝ գուցե Բաքվի հնարավոր արձագանքն է կաշկանդում իշխանությանը. - «Այսօրվա իշխանությունները մեծ, շատ մեծ նվեր են Ադրբեջանի իշխանություններին, իրենք բռնել են ՀՀ իշխանությունների վախը, ես դա ցավով եմ ասում, և այդ բռնած վախով էլ ամեն ինչ առաջ են տանում»։
Օհանյանը նաև հիշեցրեց, թե 44-օրյա պատերազմից հետո Արցախին առնչվող ընդդիմության քանի նախաձեռնություն է իշխանությունը տարբեր պատրվակներով մերժել, բոլորն էլ, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, մի նպատակով են արվում՝ փակել Արցախի էջը:
«Եթե սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ են իրենք այդպես պահում, ակնհայտ է, և իրենք էլ ասում են, որ նաև քաղաքական առումով Արցախի հարցին անդրադարձ չեն կատարում», - ասաց պատգամավորը։
Արցախի անկումից հետո իշխանությունը բաց հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցն իրենց օրակարգում չկա, փոխարենը ամեն ինչ անելու են, որպեսզի նրանց համար Հայաստանում ապրելու պատշաճ պայմաններ ապահովեն: