Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մանդատները վայր դրած 5 անդամներին այսօր փոխարինեցին նորերը։ Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նիստին ո՛չ նախկին, ո՛չ էլ նոր անդամները ներկա չէին։
Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ հուլիսի 11-ին ստացել են Գյումրիի համայնքապետի արձանագրությունը ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին, և նորերին նշանակելու վերջնաժամկետն այսօր էր։
««Քաղաքացիական պայմանագիր» ցուցակից 8 հոգի ինքնաբացարկ էր հայտնել, մենք էլ ուժը կորցրած ճանաչեցինք իրենց գրանցումը», - ասաց նա։
Իսկ ավագանու արդեն նախկին անդամներն արդյոք բացատրել են, թե ինչու են մանդատները վայր դնում, Տիգրան Ղազարյանը նշեց. - «Մանդատից հրաժարվելը ցանկացած ավագանու անդամի իրավունքն է։ Պարտադիր չէ դիմումում նշել՝ ինչի համար է հրաժարվում, ինքն ուղղակի գրում է, որ հրաժարվում եմ մանդատից։ Այդ դիմումները համայնքի ղեկավարն ընդունում է և արձանագրություն է կազմում՝ վաղաժամ դադարեցնել լիազորությունները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության միանգամից հինգ անդամ մանդատը վայր դնելու դիմում է գրել. ո՞րն է պատճառըԱնցած տարեվերջին «Բալասանյան դաշինք»-ի հետ կոալիցիոն հուշագիրը խզելուց հետո Գյումրիում ընդդիմություն դարձած ՔՊ-ն վերադասավորումներ է անում, և ըստ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի՝ սա թույլ կտա ամրապնդել իրենց ընդդիմադիր դիրքերը։
«Մի գործընթաց է, որը տեղի է ունեցել, և մենք ուզում ենք՝ մեր խմբակցության աշխատանքը շատ ավելի արդյունավետ և որպես արդեն ընդդիմություն ավելի ամուր դարձնենք։ Մենք չենք համարում, որ մենք թույլ ընդդիմություն ենք եղել, որովհետև մենք տարբեր նախագծերով ենք հանդես եկել, տարբեր առաջարկներ ենք արել», - նշեց նա։
Կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարն ավելի վաղ «Ազատության»-ն ասել էր, որ թեժ աշուն է սպասվում։ Խմբակցության ղեկավարը վերահաստատեց, որ բոլոր եղանակներին էլ կարող են թեժացնել։
«Թեժ աշուն կլինի, թեժ ձմեռ կլինի, բոլոր եղանակներն էլ կարող ենք թեժացնել, բնականաբար, այս ամեն ինչը քաղաքական պրոցես է, ու մենք ունենք հանձնառություն՝ մենք մեր կուսակցության, մեր քաղաքական ուժի բոլոր գաղափարները, բոլոր թեզերի կրողն ենք, նաև լոկալ մակարդակում, և այն, ինչ հնչեցվում է ավելի բարձր մակարդակով, դա տեղում պատրաստ ենք իրականացնելու», - շեշտեց Քնարիկ Հարությունյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ փորձագետների՝ Գյումրիում զարգացումները վկայում են՝ ընտրական գործընթացները չեն ավարտվելԱրդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, թե Գյումրիում ընդդիմադիր ՔՊ-ն պատրաստվում է համայնքի նախկին ղեկավարների ու ավագանու որոշ անդամների գույքի վերաբերյալ իր լիազորությունների սահմաններում ավագանու որոշումները չեղարկելու և գույքերը համայնքին վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Քնարիկ Հարությունյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։
Արդյոք այս քայլով չեն փորձում «Բալասանյան դաշինք»-ից ավագանու անդամների դեմ ձեռնարկվող քայլերով համաձայնության գալ ու իրենց շարքերը համալրել, որն էլ հնարավորություն կտա Գյումրիում ևս իշխանափոխություն իրականացնել, Հարությունյանն ասաց. - «Մենք և կարծում եմ՝ ցանկացած ավագանի, կարևոր չէ, թե տվյալ ավագանին որ խմբակցությունն է ներկայացնում, պիտի մեկ հանձնառություն ունենա՝ իր համար առաջնայինը պիտի լինի օրենքի գերակայությունը, ու մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր այս ընթացքում, որևէ իրավիճակում, որևէ կարգավիճակում խախտել են օրենք, ապա այո, իրենք պիտի պատասխան տան, և օրենքի առաջ բոլորն են հավասար։ Մեզ համար այդ տրամաբանությունը մշտապես գործել է և գործելու է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արկադի Թամազյանը դիմել է կառավարություն՝ պահանջելով կասեցնել իրեն փոխարինած Դավիթ Ղումաշյանի լիազորություններըՔՊ-ն մի քանի այլ համայնքներում պարտվելուց հետո կարողացել է տարբեր սցենարներով իշխանություն վերցնել։ Գյումրիում առայժմ դա չի հաջողվում, քաղաքապետին անվստահություն հայտնելու համար բավարար մանդատներ չունեն։ Մարտավարության փոփոխության արդյունքում ՔՊ-ին կհաջողվի՞ Գյումրիում իշխանություն վերցնել, թե՞ ոչ, թերևս պարզ կդառնա առաջիկա Ննտաշրջանում։ Իսկ հերթական տեղական ընտրություններին 2 տարուց մի փոքր ավելի ժամանակ է մնացել։