Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հուլիսի 26-ին արտահերթ նիստ է հրավիրել՝ մի շարք սեփականաշնորհված շինություններ համայնքին վերադարձնելու համար երկու տասնյակից ավելի հայցեր ներկայացնելու օրակարգով։ Ընդ որում՝ նշվում են հիմնականում Գյումրիի երկու նախկին ազդեցիկ քաղաքապետերի՝ Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի օրոք կայացված օտարման որոշումները։
Գյումրիում ընդդիմադիր ՔՊ-ն տեղեկացնում է, որ վարչական դատական հայց ներկայացնելու առաջարկը ստացել են դատախազությունից։ Այդ գրությունն, ի դեպ, ստացել են ավագանու բոլոր խմբակցությունները, բայց նիստի նախաձեռնողը ՔՊ-ն է։ Այս նախաձեռնությունն արդեն իսկ որակվում է որպես ճնշում իշխող «Բալասանյան» դաշինքի նկատմամբ, քանի որ օտարված գույքերից մեկը Սամվել Բալասանյանի ընտանիքի հետ է կապված։ Կան անգամ ենթադրություններ, որ այս քայլով ՔՊ-ն փորձում է արտահերթ ընտրությունների գնալ ու իշխանությունը վերցնել նաև Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը պնդում է՝ ճնշում չկա, ոչ էլ արտահերթ ընտրությունների օրակարգ ունեն։
«Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որևէ մեկին ճնշելու կամ արտահերթ ընտրություններ հրավիրելու օրակարգ այս պահին չունի։ Մենք պարզապես փորձում ենք օրենքի գերակայություն հաստատել, մեր նպատակը դա է, որ օրենքի առաջ բոլորը լինեն հավասար, և օրենքի գերակայություն լինի», - ասաց նա։
Դատախազությունն առաջարկում է մասնավորապես համայնքին վերադարձել Գյումրիի հայտնի «Հոկտեմբեր» կինոթատրոնը, որ օտարվել է Վարդան Ղուկասյանի օրոք, և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ օտարված Սև բերդի հողատարածքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավագանու անդամը կասկածի տակ է առնում Գյումրիում գույքի օտարման գործընթացի օրինականությունը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրեական գործ է հարուցվել 15 տարի առաջ Գյումրիի Սև բերդի օտարման փաստով
Կմասնակցե՞ն ավագանու մյուս խմբակցությունները նիստին, թե՞ ոչ՝ Քնարիկ Հարությունյանն ասում է՝ քննարկումներ չեն ունեցել, քանի որ իրենց մանդատները բավարար են արտահերթ հրավիրելու համար։ «Ազատություն»-ը փորձեց պարզել ավագանու բոլոր խմբակցությունների դիրքորոշումները։
Իշխող «Բալասանյան» դաշինքից փոխանցեցին, որ ավագանու արտահերթ նիստից առաջ մեկնաբանություն կտան՝ չհստակեցնելով՝ կմասնակցեն, թե ոչ։ «Զարթոնք» դաշինքը դեռ որոշում չունի։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն ասաց՝ դատախազությունից գրությունները ստանալուց հետո իրենց դիրքորոշումը հայտնել են և նպատակահարմար չեն համարում մասնակցել։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի փոխանցմամբ էլ՝ իրենք այս պահին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում չունեն։ Ավագանու անդամը կարծում է, որ ավագանու փոխարեն հենց դատախազությունը պետք է դիմի դատարան՝ հաշվի առնելով գործերի ծավալը։
«Որպեսզի դատախազության ձեռքերն ազատ լինեն, և կարողանա հայտ ներկայացնել, պետք է ավագանին հայց չներկայացնի դատարան։ Եթե խոսքը գնում է 24 գործի մասին, որը տարիներով դատախազության կողմի քննվել է, բազմաթիվ մարդիկ են այդ գործերով անցել, և վերահսկողություն է իրականացվել դատախազների կողմից, այսինքն՝ իրենք ավելի լավ են տիրապետում գործի էությանն ու փաստական հանգամանքներին, հետևաբար մենք գտել ենք, ավելի ճիշտ կլինի՝ նման հարցով դատախազությունն ինքը դիմի դատարան՝ պետական շահերի պաշտպանության հայցով», - նշեց նա։
Մալխասյանը, ի դեպ, չի համարում, որ ՔՊ-ն այս քայլով ճնշում է գործադրում «Բալասանյան» դաշինքի նկատմամբ. - «Ըստ էության, այդ նույն նախաձեռնությամբ կարող էր հանդես գալ ավագանու ցանկացած անդամ, հենց «Բալասանյան դաշինք»-ը։ Այստեղ զուտ իրավական գործառույթների մասին է խոսքը, և ճնշման մասին չեմ կարծում, որ կարող է խոսք լինել»։
Ի դեպ, այս զարգացումներին զուգահեռ այսօր հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն են հրավիրվել Գյումրին 13 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա ընտանիքի անդամները՝ ծանոթանալու իրենց գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրությանը։ Իսկ հակակոռուպցիոն դատարանն արդեն 1.5 տարի է քննում է Վարդան Ղուկասյանի, նրա որդու ու եղբոր կողմից վերջինիս պաշտոնավարման տարիներին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ու կեղծիքով մի շարք շինությունների ու շենքերի ապօրինի օրինականացման գործը։