«Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիի ավագանու առաջիկա նիստում չի պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, հայտնել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:
«Թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին ձեր կատարած քվեարկության արդյունքները` ինչպես նաև հաշվի առնելով քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ և անցնցում հաղթահարելու անհրաժեշտությունը «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, և քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ», - մասնավորապես նշել է Քնարիկ Հարությունյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով նոյեմբերի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Գյումրիում ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:
Գյումրին առանց իշխանության է մնացել, երբ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների, այդ թվում՝ փոխքաղաքապետ Ջանոյանի դեմ գործի հարուցումից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ն Գյումրիի ավագանու արտահերթ նիստ է հրավիրել. կուսակցությունները տարակարծիք են