Կիրակի գիշերը անօդաչու թռչող սարքեր են հարվածել Ռուսաստանի Կուրսկի շրջանում նավթի պահեստին։ Այնտեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Նրա խոսքով՝ վառելիքի երեք բաք է այրվել։ Ոչ մի մարդ չի տուժել։
Ուկրաինան ռուսական նավթային ենթակառուցվածքները համարում է օրինական ռազմական թիրախ և սկսել է դրանք թիրախավորել 2024 թվականի սկզբին: Ուկրաինան լայնորեն օգտագործում է հեռահար անօդաչու թռչող սարքեր, որոնք գործնականում միակ զենքն են, որը կարող է խոցել ռազմական թիրախները Ռուսաստանի խորքում։
Ռուսական նավթավերամշակման գործարաններն ու ռազմական օբյեկտները պարբերաբար ենթարկվում են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման։ Հուլիսի 27-ին «Ուկրաինսկայա պրավդան» հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Ռյազանի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանին։
Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով. Ռուսաստանի կապիտուլյացիա չի լինելու ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի ՀՕՊ-ը հայտնում է Ռուսաստանի կողմից արձակված 20 ԱԹՍ խոցելու մասին