Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հետ։
Վրաստանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ կողմերն «անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերի շուրջ»։
«Իրակլի Կոբախիձեն Ջեյմս Օ՛Բրայենին բացատրել է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ևս մեկ անգամ հայտնել է իշխող թիմի պատրաստակամությունը վետոյի ընթացակարգի շրջանակներում դիտարկելու միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները։ Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր և արդար հարաբերություններ»,- ասվում է վրացական կողմի հաղորդագրությունում։
Վրացական աղբյուրների համաձայն՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ցանկություն էր հայտնել նաև հանդիպելու երկրի իշխող ուժի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Վերջինս, սակայն, մերժել է հանդիպման առաջարկը։
Վարչապետ Կոբախիձեն հաստատել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Իվանիշվիլին «շանտաժի տակ որևէ հանդիպում չի անցկացնի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Օ’Բրայենի հետ․ Վրաստանի վարչապետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծեծկռտուք, լեզվակռիվ Վրաստանի խորհրդարանում