ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։

ԿԽՄԿ ներկայացուվիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը տեղեկացրեց, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։ Նրանց գործերով նախաքննությունն ավարտվել է, սակայն, նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել։

Բաքուն այսօր հաղորդեց, որ Արցախի նախկին պաշտոնյաներին նոր մեղադրանք է առաջադրել՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում հոդվածով։ Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախկին պաշտոնյաներին Բաքուն նոր մեղադրանք է առաջադրել, գործը դեռ դատարան չի հասել