Կառավարությունը շարունակում է թանկարժեք մեքենաներ գնել պաշտոնյաների համար։ Քննչական կոմիտեն 125 հազար դոլարով ծառայողական մեքենա է գնել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար՝ այս տարվա արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր-300» ամենագնաց։
Ինչո՞ւ հանկարծ որոշվեց Արգիշտի Քյարամյանի համար գնել վերջին՝ 2024 թվականի արտադրության, 49 միլիոն դրամանոց ծառայողական մեքենա, երբ Հայաստանում անվտանգային, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան։ Քննչական կոմիտեից պարզաբանում են՝ նրա մեքենան հին էր։
«Այդ մեքենան շահագործվում է շատ-շատ վաղուցվանից, և իր մաշվածութան ժամկետներն անցել են, ու պայմանավորված նաև Քննչական կոմիտեի նախագահի աշխատանքի առանձնահատկություններով, բարդություններով, նաև անվտանգության նկատառումներով՝ առաջացել է նոր սպասարկող մեքենա ձեռք բերելու կարիք», - ասաց ՔԿ-ի լրատվական ծառայության ղեկավար Գոռ Աբրահամյանը։
Նրա փոխանցմամբ՝ հին մեքենան (Hyundai Genesis 3.3 մակնիշի) Քննչական կոմիտեի ստեղծվելուց ի վեր՝ տասը տարի, ծառայել է հին ու նոր ղեկավարներին։ Իսկ ինչո՞ւ 125 հազար դոլարանոց, ինչ կպատահեր, եթե Արգիշտի Քյարամյանը երթևեկեր ավելի մատչելի մեքենայով, Գոռ Աբրահամյանը նորից շեշտեց անվտանգության նկատառումը, բայց այդպես էլ չպարզաբանեց՝ ինչ նկատի ունեն։
«Ե՛վ աշխատանքային գործունեության առանձնահատկություններից լինելով, և՛ անվտանգության նկատառումներով», - նշեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը 1 միլիարդ 38 միլիոն դրամ է հատկացրել ծառայողական նոր մեքենաների համար«Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային գնումների ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին այս գնումները հիշեցնում են ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի քննադատությունները նախկին իշխանությանը պադավատապետություն ստեղծելու մասին։ Վարուժան Հոկտանյանը, այս և մյուս շռայլ գնումների պատմություններն ուսումնասիրելով, համոզվել է՝ Փաշինյանի իշխանությունում էլ այդ առումով ոչինչ չի փոխվել։
«Պադավատապետության մասին մոռացեք, մենք ոնց եղել ենք, այդպես էլ շարունակում ենք մնալ պադավատապետություն։ Ճիշտ կլիներ այսպիսի ծախս հիմա չանել, և փորձեին, այս դեպքում Քննչական կոմիտեի նախագահը բավարարվեր նախկին մեքենայով», - նկատեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թափանցիկության մասին խոստումից տարիներ անց. կառավարության հարցերի 90 տոկոսից ավելին՝ չզեկուցվողԱնցած շաբաթ էլ կառավարությունը որոշեց 1 միլիարդ 38 միլիոն դրամով ձեռք բերել «Վոլվո» մակնիշի էլեկտրական ու հիբրիդային 49 ծառայողական մեքենա, մինչև հիմա պարզ չէ, թե դրանք որ գերատեսչություններին ու պաշտոնյաներին են սպասարկելու։ Անգամ Ֆինանսների նախարարությունն այդ մասով հարցեր ուներ։ Երկու տարի առաջ կառավարությունը որոշում ընդունեց, որ նոր ծառայողական մեքենաներ ձեռք բերելիս նախապատվությունը տրվելու է էլեկտրամոբիլներին։
Քննչական կոմիտեի ղեկավարի նոր մեքենան հակասում է այդ որոշմանը՝ բենզինային շարժիչով է։ Պայմանագիրը հուլիսի սկզբին են կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ, որի բաժնեմասի 60 տոկոսը, ըստ պետական ռեգիստրի, հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանինն է, 30 տոկոսի սեփականատերը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը։