Կիրանցի նոր գծված սահմանին այսօր արդեն զինված ու դիմակավորված ծառայողներ չեն երևում։ Տարածքում առանց դիմակների սահմանապահներ էին շրջում։
Այսօր առավոտյան հակառակ կողմում անցուդարձ չէր երևում, օրվա երկրորդ կեսին արդեն միաժամանակ շինտեխնիկա էր աշխատում թե պատի այս ու թե այն կողմում։
Տեղացիներն ասում են, որ անցած երկու օրերին պատից այն կողմ՝ Կիրանցի՝ արդեն Ադրբեջանին անցած կարմրջի վրա, ադրբեջանցի սահմանապահներ ու ականազերծողներ են տեսել, տեսել են՝ ինչպես են նկարահանող սարքերով եկել, նկարահանումներ արել տեղանքում, հեռացել։
Երկու ամիս առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ մայիսի 24-ից Բերքաբերի, Ոսկեպարի ու Բաղանիսի՝ Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներում սահմանապահ զորքեր են տեղակայվում, ու որ «Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով»:
Դեռ պաշտոնական հայտարարություններ չկան՝ արդյոք այդ անցումային սխեմայով պահպանությունն Կիրանցում ավարտվել է, արդյոք անցկացվում է նույն կերպ, ինչպես Տավուշի սահմանազատված մյուս հատվածներում, բայց նախկին ճանապարհը հատող քարե պարիսպն արդեն կառուցված է։ Այստեղ «Ազատության» նկարահանման պահին շինարարներ էին, որոնք նոր ճանապարհն են կառուցում։
Շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բեզոյանն ասաց՝ մինչև այս ամսվա վերջ սաֆալտապատ ճանապարհը պատրաստ կլինի։ Աճարկուտ գյուղով անցնող շրջանցիկ ճանապարհի փոխարեն միջպետականն արդեն նոր կառուցվող հատվածով կանցնի։
Նորակառույց դպրոցի դիմաց բետոնե պատ է, հետո արդեն նույն՝ երեք մետր բարձրությամբ մետաղյա պարիսպն է նոր կառուցվող ճանապարհի երկայնքով։
Կիրանցում տեղացիները հրաժարվում են խոսել։ Շատերը կասկածներ ունեն, որոնց մասին, սակայն, տեսախցիկի առաջ խոսել չեն ուզում։ Տեսախցիկից դուրս նշում են, թե կառուցվող պատը միայն հոգեբանական խնդիր կլուծի։ Անվտանգության հարցերը դեռ կասկածելի են տեղացիների համար։
Շինարարական ընկերության ղեկավարը, որ ճանապարհ էին գցում, պատ կառուցում երկու երկրների միջև, ասաց՝ աշխատանքի ընթացքում հակառակ կողմից որևէ վտանգ չի զգացել։ Բնակիչներին սպառնացող վտանգներ էլ չի պատկերացնում. - «Արդեն մտավախություն չունեմ, որովհետև պարիսպը կա։ Ժամանակավոր բնույթ է կրելու, վերջանալու է դա գնա, այդ մտավախությունները»։
Դիտարկմանը, որ խոսվում է՝ պատի մյուս կողմում արդեն ադրբեջանցի սահմանապահներն են, նա արձագանքեց. - «Է թող գան, ի՞նչ, էս կողմն էլ մերոնք են։ Արդեն սովորել են դրան, ինձ թվում է»։
Գյուղացիներն օրեր առաջ մտահոգություն էին հայտնել, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Խեյրիմլիից այն կողմ սեփական հողեր ունեն, մոտ 30 հա հացահատիկ են ցանել, հնձելու ժամանակն է, չեն կարողանում բերքը տուն հասցնել։ Այսօր արդեն ասացին՝ հայկական կողմով հին ճանապարհը հարթեցրել, անցանելի են դարձրել, որպեսզի կոմբայնները արտեր հասնեն։ Հասել են, հնձել։ Արտերում ցորեն չի մնացել։ Բայց մյուս տարի կհնձեն, թե ոչ, հստակ պատասխան չունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում կառուցվող սահմանային պատից այն կողմ ադրբեջանցի սահմանապահներ են նկատվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում դեռ ոչ ոք չգիտի՝ դպրոցականները սեպտեմբերին որտեղ դասի կգնան«Չգիտեմ, դեռ ես էլ չգիտեմ, թե ոնց կլինի, ինչ կլինի», - ասաց բնակիչներից մեկը։
Կիրանցի 100 ընտանիքներից մոտ երեք տասնյակը սահմանազատման արդյունքում տուն, հող կամ շինություն են կորցրել։ Դեռ պաշտոնապես ոչ գյուղապետարանում, ոչ էլ ավելի վերևներում չեն բացահայտում՝ քանի ընտանիք է փոխհատուցում ստացել, քանիսը՝ հրաժարվել։ «Ազատության» տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունը Կիրանցին պատկանող 20 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը կփոխի՝ կդարձնի բնակելի կառուցապատման, որպեսզի սահմանազատման արդյունքում տուն կորցրածները կարողանան նորը կառուցել։