Ուկրաինան պատրաստ է քննարկել արևմտյան երկրների զորքերի հնարավոր տեղակայման հարցը, որոնք կերաշխավորեն երկրի անվտանգությունը Ռուսաստանի հետ ընթացող պատերազմի պայմաններում։ Կիևում Գերմանիայի ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը նախագահ Զելենսկին նաև նշել է, որ արևմտյան այս կամ այն երկրի զորակազմը կարող է ներկա լինել Ուկրաինայում այնքան ժամանակ, քանի դեռ այն ՆԱՏՕ-ի մաս չէ: Սակայն դրա համար Ուկրաինան պետք է հստակ պատկերացում ունենա, թե երբ է դառնում Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ:
Զելենսկին ընդգծել է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր ստանալու դեպքում երկարաժամկետ հեռանկարում երկրի պաշտպանության հարցը դեռ անորոշ կլինի՝ հաշվի առնելով ապագայում ռուսական ագրեսիայի հնարավոր դրսևորումները:
«Նույնիսկ եթե մեզ հրավիրեն ՆԱՏՕ, ի՞նչ կլինի հետո։ Ո՞վ է երաշխավորելու մեր անվտանգությունը: Մենք կարող ենք մտածել այդ մասին և աշխատել Էմանյուել Մակրոնի առաջարկի վրա», - ասել է նա։
Ֆրանսիայի նախագահը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինա ուղարկել եվրոպական զորքեր, նախքան երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին:
Ուկրաինայի առաջնորդը չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն Մակրոնը նախկինում չի բացառել հենց ֆրանսիացի զինվորականների Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։
Ավելի ուշ X-ում Զելենսկին մանրամասներ է հայտնել Մակրոնի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Փարիզում դեկտեմբերի 7-ին ունեցած հանդիպումից. «Ես նախագահ Թրամփին ասացի, որ Պուտինը վախենում է միայն իրենից և, հավանաբար, Չինաստանից: Եվ դա է ճշմարտությունը. միայն վճռականությունը կարող է այս պատերազմը հասցնել արդար ավարտի և ապահովել կայուն խաղաղություն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը Ուկրաինայում կրակն անհապաղ դադարեցնելու և բանակցելու կոչ է անումՆա նշել է, թե Կիևը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է շատ բան անել, որն ի վիճակի չեն անել շատ այլ պետություններ: Ըստ նրա՝ պատերազմն ավարտելու հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է միասնություն Միացյալ Նահանգների, Եվրոպայի և աշխարհում բոլոր այն երկրների հետ, որոնք գնահատում են անվտանգությունը, ինչպես նաև ամուր դիրքերն ու խաղաղության երաշխիքները:
Այդուհանդերձ, Զելենսկին խոստովանել է՝ դեռ չի կարող հստակ իմանալ, թե ինչպիսին կլինեն Թրամփի գործողությունները, քանի դեռ նա չի ստանձնել իր պաշտոնը։
Զելենսկու հետ շաբաթ օրվա հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդը պատրաստ է գործարք կնքել և դադարեցնել պատերազմը: Իր հիմնած Social Truth սոցցանում նա գրել է, որ չափազանց շատ կյանքեր են անտեղի վատնվում, շատ ընտանիքներ են քանդվում, և եթե դա շարունակվի, ապա այն կարող է շատ ավելի վատ հետևանքների հանգեցնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ուկրաինայի ամբողջական կապիտուլյացիա». ISW-ն վերլուծել է ՌԴ-ում խաղաղ բանակցությունների վերաբերյալ հայտարարություններըԶելենսկին Telegram-ում անդրադարձել էր Թրամփի գրառմանը` նշելով, որ պատերազմը չի կարող ավարտվել պարզապես մի կտոր թղթով և մի քանի ստորագրությամբ և զգուշացրել, որ հրադադարը առանց երաշխիքների կարող է խախտվել ցանկացած պահի:
Ու մինչ Ուկրաինայի նախագահը հույսեր է կապում Թրամփի հետ, ԱՄՆ նորընտիր նախագահի որդին ծաղրում է Զելենսկուն: Դոնալդ Թրամփ-կրտսերը X-ում հրապարակել է երկու լուսանկարից կազմված կոլաժ. առաջինում տեսարան է «Տանը մենակ» ֆիլմից, որում երևում են ֆիլմում էպիզոդիկ դեր խաղացած նրա հայրը և ֆիլմի գլխավոր հերոս՝ փոքրիկ Քևին ՄաքՔալիսթերը: Իսկ կոլաժի ներքևում նորընտիր նախագահի և Զելենսկու հանդիպման տեսարանի խմբագրված տարբերակն է, որում Զելենսկին կրում է նույն գլխարկը, ինչ ֆիլմի հերոս Քևինը։
Ծաղրական այս լուսանկարին ծիծաղող էմոջիով արձագանքել է նաև ամերիկացի գործարար Էլոն Մասկը, որը Թրամփի նախընտրական քարոզարշավի վրա, ըստ լրատվամիջոցների, մոտ 260 մլիոն դոլար է ծախսել և Թրամփի վարչակազմում կզբաղեցնի կառավարության աշխատանքի արդյունավետությունը վերահսկող դեպարտամենտը: