Բրիտանական Financial Times թերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան Կատարի միջնորդությամբ սկսել են նախնական քննարկումները միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։
Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը, ծանոթ լինելով բանակցությունների ընթացքին, ընդգծել է, որ խոսքը «ինչ-որ բանի հնարավոր վերսկսման վերաբերյալ շատ վաղ քննարկումների մասին է»։
Կրեմլի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը տեղյակ է բանակցությունների մասին, ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե համաձայնի որևէ գործարքի, քանի դեռ ուկրաինական զորքերը դուրս չեն մղվել Կուրսկի շրջանից:
FT-ը, հղում անելով խորհրդակցություններին մասնակցած բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյային, գրում է, որ Մոսկվան և Կիևն արդեն կրճատել են վերջին շաբաթների ընթացքում միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հաճախականությունը:
- Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն ավելի վաղ հայտարարել է, որ երկրին կարող է սպասել «պատմության մեջ ամենադժվար ձմեռը»։
- Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան Կատարի միջնորդությամբ ծրագրել են քննարկել էներգետիկ օբյեկտների վրա փոխադարձ հարձակումները դադարեցնելու համաձայնագիրը։
- Մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների փոխադարձ դադարեցումը կարող է լինել Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելու առաջին քայլը։ Միաժամանակ, Զելենսկին վստահ է, որ Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներին և միայն դրանից հետո կորոշի՝ բանակցել Կիևի հետ, թե ոչ։