Չնայած արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը երեկ հրաժարական տվեց, բայց դրանից հետո էլ նախարար Գրիգոր Մինասյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագրի» միջև լարվածությունը չի մեղմվում: Ավելին՝ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտնեց՝ նրա պաշտոնանկության հարցով քննարկում անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն փոխանցվել են խմբակցության ղեկավարությանը:
«Երբ որ ցուցակը կհրապարակվի, կտեսնեք՝ ով է միացել, ով չի միացել», - ասաց պատգամավորը։
Մինասյանի պաշտոնանկության հարցով ՔՊ-ում մի քանի օր է՝ ստորագրահավաք է: Այս նախաձեռնությանը կողմ պատգամավորները պնդում են, թե պատճառը նախարարի կադրային քաղաքականությունն է, վրդովված են հատկապես քրեակատարողական ծառայության պետի և արդարադատության փոխնախարարի պաշտոններում նշանակումներից, որոնց որոշումներն, ի դեպ, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել:
ՔՊ-ականներին զայրացրել է փաստը, որ 10 ամիս առաջ ՔԿԾ պետ է նշանակվել նախկինում «Մարտի 1»-ի գործով քննիչ Ամբակում Գրիգորյանը, իսկ փոխնախարար՝ Սիրվարդ Գևորգյանը, որը տարիներ առաջ մասնակցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին ու լուսանկարվել գիրքը ձեռքին նրա դստեր հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ում ստորագրահավաք են սկսել՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համարԳևորգյանն ու Մինասյանը խարդավանքների մասին են խոսում
Երեկ ընդամենը 20 օր պաշտոնավարած փոխնախարարի հրաժարականից հետո իրավիճակն ավելի լարվեց։ Նախարարն ու իշխանական պատգամավորներն անցան հեռակա մեղադրանքների:
Գրիգոր Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրեց արդեն նախկին տեղակալի հրաժարականի տեքստը, ափսոսանք հայտնեց և ընդգծեց. «Առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»:
Հրաժարականի տեքստում խարդավանքների մասին էր խոսել նաև Սիրվարդ Գևորգյանը:
«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ», - գրել է նա:
Բայց, ո՛չ ինքը, ո՛չ Գրիգոր Միասյանը ուղիղ չեն ասում՝ ինչ խարդավանքների մասին է խոսքը, և ովքեր են հեղինակները:
Նախարար մնալու դեպքում Մինասյանը պետք է բացատրություն տա. Քոչարյան
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը համարում է, որ Մինասյանի մեղադրանքներն ուղղված էին հենց ՔՊ-ականներին, բացատրություն է պահանջում. - «Արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Դա, կներեք, սահմանադրական կարգի հետ կապված մի հատ բանավոր տեքստ է, էդ ո՞նց։ Դրա հետ կապված, կարծում եմ, եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է գա այստեղ (Ազգային ժողով- խմբ.), բացատրություն տա՝ ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը։ Կհրավիրենք, եթե պետք լինի»։
Պատրաստվում է արդյոք Գրիգոր Մինասյանը հանդիպել ՔՊ-ական պատգամավորներին և պատասխանել նրանց քննադատություններին՝ Արդարադատության նախարարությունից «Ազատության» այս և մյուս հարցերին առաջարկեցին պատասխանել գրավոր: Անդրանիկ Քոչարյանը, որն այսօր արդարադատության նախարարին խորհուրդ տվեց Սահմանադրություն կարդալ, նաև պնդեց, թե ժողովուրդը դժգոհ է ոլորտի բարեփոխումներից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստորագրահավաքը ՔՊ-ում շարունակվում է, Մինասյանը չի արձագանքում իր պաշտոնանկության նախաձեռնությանըՄի շաբաթ առաջ այս թեմայով «Քաղաքացիական պայմանագիրը» նաև նիստ է անցկացրել, Անդրանիկ Քոչարյանն ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով:
«Եվ այս ընթացքում էլ նաև եղել են բացատրություններ, փաստերի ստուգումներ, արձանագրումներ, իսկ այնտեղ բազմաթիվ հարցեր են եղել, փաստեր են արձանագրվել... հիմնական զեկուցողները նաև այս ընթացքում լծված են եղել այդ փաստերի մեկնաբանությունները ներկայացնելուն», - շեշտեց նա։
Իշխանական պատգամավորի նշած նիստում ելույթներով հանդես են եկել խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը: Հենց նրանք են ստորագրահավաքի նախաձեռնողները, սակայն այդպես էլ ամբողջական բացատրություններ չեն տրվում՝ ինչն առիթ դարձավ, որ օրակարգ բերեն Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը: