Մատչելիության հղումներ

ՔՊ-ում ստորագրահավաք են սկսել՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար


Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» ստորագրահավաք են սկսել՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար: Սա հաջորդում է փոխնախարարի պաշտոնում Սիրվարդ Գևորգյանի նշանակմանը։

Խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախաձեռնության հեղինակներին չբացահայտեց, նաև չպարզաբանեց՝ նախարար Մինասյանի աշխատանքը ինչո՞վ և ո՞ր հարցերում չի գոհացնում իրենց: Առաջարկեց սպասել ստորագրահավաքի արդյունքներին, անգամ չհստակեցրեց՝ ինքը միացել է, թե՝ ոչ:

Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյան

«Սա էն տիպի հարց է, որ խմբակցության այս կամ այն անդամը ճիշտ չի լինի, որ հանդես գա ինչ-որ կարծիքով և այլն: Սա պետք է լինի հավաքական տեսակետ, որը պետք է ներկայացվի վարչապետին», - ասաց Աղազարյանը:

2019 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին մասնակցած Սիրվարդ Գևորգյանը մոտ 20 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց արդարադատության փոխնախարար: Նշանակումից անմիջապես հետո համացանցում տարածվեց Գևորգյանի լուսանկարը երկրորդ նախագահի դստեր հետ, Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքն էլ՝ ձեռքին: Նորանշանակ փոխնախարարն անգամ պարզաբանում տարածեց, թե երկրորդ նախագահի հետ կապ չունի։

Կուսակցական վերջին նիստին մասնակցած Հովիկ Աղազարյանը հաստատում է՝ Գրիգոր Մինասյանի կադրային քաղաքականությունից թիմում դժգոհություն կա: Չնայած Սիրվարդ Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ է պաշտոնավարում, միևնույնն է Գրիգոր Մինասյանից դժգոհ ՔՊ-ականների համբերությունն, ըստ Աղազարյանի, հատեց Գևորգյանի նշանակումից հետո:

«Բաժակի մինչև վերջին կաթիլը չլցվի բաժակը չի համարվի լիքը և նաև եթե դու երկրաչափական պրոգրեսիայով ես շարժվում մի պահ առաջ բաժակը լինում է կիսով լցված, հաջորդ պահին արդեն լիքը լցված», - նշեց Հովիկ Աղազարյանը:

Ստորագրահավաքին միացել է տասնյակից ավելի պատգամավոր, թե ովքեր են, հայտնի չէ, ՔՊ-ից չեն մանրամասնում: Պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս հրաժարվեց հստակեցնել միացե՞լ է արդյոք ստորագրահավաքին, թե՝ ոչ: Իսկ Գրիգոր Մինասյանի աշխատանքին, ասաց, չի կարող գնահատական տալ, ոլորտին չի տիրապետում, որոշում կկայացնի թիմակիցներին լսելով։

Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյան

«Ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև ինքս էդ դաշտի մասնագետը չեմ և այդ ոլորտի կարգավորումների, որոշումների, քայլերի վերաբերյալ, երբ որ որոշում եմ ունենում կայացնելու կամ քվեարկելու, հենվում եմ իմ գործընկեր պատգամավորների տեսակետների վրա, որոնք ավելի գիտակ են այդ հարցում», - ասաց Թունյանը:

Բաբեկ Թունյանի թիմակից, մասնագիտությամբ արվեստաբան Լուսինե Բադալյանին մինչդեռ ոլորտից տեղյակ գործընկերների խորհուրդը պետք չէ, նա առանց այդ էլ նկատել է, ինչպես ինքը ձևակերպեց «որոշ անարդարություններ» և կարծում է՝ դրանց դեմ պետք է պայքարել խորհրդարանական բոլոր լծակներով: Հերքեց, թե նաև ինքն է ստորագրահավաքի նախաձեռնողներից, բայց ասաց՝ ցանկացած պաշտոնյայի թերացում, այդ թվում՝ Գրիգոր Մինասյանինը պետք է քննարկել:

Լուսինե Բադալյան
Լուսինե Բադալյան

«Ես ինքս խնդիր եմ տեսնում կադրային քաղաքականության մեջ և ոչ միայն: Ոչ միայն վերջին նշանակումը, բացարձակապես անձնական վերաբերմունք չունեմ և չեմ առանձնացնում որևէ մեկ նշանակում, բայց կարծում եմ, որ կադրային քաղաքականությունն ունի թերություններ», - ընդգծեց Բադալյանը:

Արդյոք «Քաղաքացիական պայմանագրում» կոնսենսուս կա, որ արդարադատության նախարարը պաշտոնանկ արվի, պարզ չէ, իշխանական պատգամավորները բաց չեն խոսում։ Հովիկ Աղազարյանն, օրինակ, չթաքցրեց՝ երկու տարվա պաշտոնավարումից հետո թիմում նաև խնդրահարույց են համարում այն, որ Գրիգոր Մինասյանը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է:

«Այստեղ գոյություն ունի իր եղբոր ֆակտորը, իր հայրիկի ֆակտորը, դրանք բոլոր դեպքերում հանրային կարծիքի վրա իրենց ազդեցությունն ունենում են: Ինչքան էլ մենք կարողանանք վեր կանգնել շատ հարցերից, դրանք իրենց ազդեցությունն ունենում են», - ասաց Հովիկ Աղազարյանը:

Միքայել Մինասյանy մի քանի տարի է որոնվում է Հայաստանյան իրավապահների կողմից՝ ծավալուն մի քրեական գործով, որով ըստ իրավապահների, պետությանը 350 միլիոն դոլարի վնաս է տվել։ Ինչո՞ւ են ՔՊ-ում միայն տարիներ անց հիշել նախարարի ազգակցական կապերը, արդյոք մարդկանց համար սա ընկալելի կլինի՞, Աղազարյանն առանց անուններ նշելու առաջարկեց հարցն ուղղել նրա պաշտոնանկության հարցով զբաղվողներին: Ինքը մինչ այդ շարունակում է պնդել՝ եթե նախարարի պաշտոնի համար ընտրություն պետք է անել պրոֆեսիոնալի և ՔՊ-ականի միջև, ապա միանշանակ է երկրորդ տարբերակը:

«Թիմի անդամ ի՞նչ է նշանակում, գաղափարները կիսում է, ամեն ինչի հետ OK է և գնում է առաջ այդ ծրագրային դրույթների շուրջ, հետևաբար ինքը նաև պատասխանատու է թիմի առաջ, որն ավելի կարևոր պատասխանատվություն է ինձ համար, քան օրենքի առաջ պատասխան տալը», - նշեց Աղազարյանը:

Ասածն առավել համոզիչ դարձնելու համար Հովիկ Աղազարյանը դրական օրինակներ էլ ունի, հիշեցնում է հերթով. - «Երբ որ Սուրեն Պապիկյանը դարձավ պաշտպանության նախարար, ես հանգիստ քնեցի, երբ որ Արարատ Միրզոյանը դարձավ արտաքին գործերի նախարար, էապես փոխվեց իրավիճակը»:

Ինքը՝ 40-ամյա Գրիգոր Մինասյանը որևէ կերպ չի մեկնաբանել իր հնարավոր պաշտոնանկության գործընթացը։ Արդարադատության նախարարությունից առաջարկեցին գրավոր պատասխանել:

XS
SM
MD
LG