Վաշինգտոնը դատապարտում է Վրաստանում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններին տեղի ունեցած միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում միջազգային, տեղական դիտորդների կոչերին՝ խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների պետք է ամբողջությամբ հետաքննվեն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով միջազգային դիտորդների հաղորդումները, մասնավորապես, շեշտել է՝ ընտրություններն անցել են անհավասար մրցակցային պայմաններում, ընտրողների ահաբեկմամբ, իշխող կուսակցության կողմից եղել է հանրային ռեսուրսի չարաշահում։
Շեշտելով, որ միջազգային դիտորդները ընտրություններն ազատ ու արդար չեն համարել՝ Բլինքենը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը։
«Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք արձանագրված խախտումների լիարժեք հետաքննության վերաբերյալ միջազգային և տեղական դիտորդների կոչերին», - ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։
Բլինքենը միևնույն ժամանակ ընդգծել է՝ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման նպատակները, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրությամբ, կառավարությունից պահանջում են հարգել քաղաքացիական հասարակության անդամների իրավունքները և Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները:
Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրություններին 12 տարի իշխանության ղեկին գտնվող ռուսամետ «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները բազմաթիվ խախտումների մասին են հաղորդել՝ նշելով, որ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ։ Անցողիկ շեմը հաղթահարել են 4 ընդդիմադիր կուսակցություններ, սակայն նրանցից 3-ը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Քվեարկության արդյունքները չի ընդունում նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանք»-ը ստացել է 54,27 տոկոս ձայն. ԿԸՀ