Խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ. ըստ ընդդիմության, սա լծակ է Բաքվի ձեռքում

Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ, այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ հիշեցրեց՝ այն ընդգրկված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Պաշտոնական Երևանը թեև արձանագրում է, որ այդ փաստաթղթի գրեթե բոլոր դրույթները խախտված են, այդ թվում՝ գերիների վերադարձի կետը, բայց դրանք կատարելու հրապարակային պահանջ չի ներկայացնում, այն դեպքում, երբ Մոսկվան և Բաքուն շարունակ պնդում են, թե տարածաշրջանային ապաշրջափակման հարցը պետք է լուծվի հենց այդ հայտարարության համաձայն:

Ալեն Սիմոնյան

«Խաղաղության պայմանագրի մեջ ներառված չէ, այն ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են այլ անձանց ու գերիների վերադարձը, որը Ռուսաստանն ու Ադրբեջանն այս փուլում չեն կատարում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են նոյեմբերի 9-ից իրենց ստորագրությունը հետ կանչվի, թե՝ ոչ: Այս հարցը շատ կարևոր է», - ընդգծեց Սիմոնյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի բանտերում 23 հայ գերի է պահվում, նրանց թվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչները։

Խորհրդարանի ղեկավարն այսօր թեև հիշատակեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, սակայն, ինքն էլ չհստակեցրեց՝ արդյոք Հայաստանի իշխանությունը Բաքվից և Մոսկվայից պահանջում է կատարել դրա 8-րդ կետը, որը ենթադրում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձ:

Սա 44-օրյա պատերազմից հետո համաձայնեցված միակ փաստաթուղթն է, որում հստակ ամրագրված է գերիների վերադարձը, բայց անգամ այս դեպքում հարցը լուծում չի ստացել: Ադրբեջանի հետ խաղաղության ձգտող հայաստանցի պաշտոնյաները ինչո՞ւ չեն առաջարկել այն ներառել խաղաղության պայմանագրում և ինչպե՞ս կարող է ստորագրվել փաստաթուղթ այնպիսի պայմաններում, երբ Բաքուն գերիներին ազատ չի արձակում:

Խաղաղության պայմանագիրը չպետք է ենթադրի գերիների հարցի քննարկում շեշտեց Սիմոնյանը, բայց և շարունակեց. - «Էս պահին մաս չի կազմում, բայց խաղաղության պայմանագիրը վերջնական չի, որովհետև այն ստորագրված չի ու նույնիսկ հակառակ կողմն ասում է՝ 80 տոկոսով է քննարկված: Ես որևիցե բացարձակ բան չեմ ասել, կարող է խաղաղության պայմանագրի մեջ վաղը ևս երկու կետ ավելանա: Այդ հարցն ամենաառաջնային հարցերից մեկն է»:

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ հայ գերիների է ազատ արձակել, վերջին անգամ՝ անցած դեկտեմբերին 32 մարդ վերադարձավ։ Բայց ադրբեջանական կողմի քայլերը հիմնականում բխել են ոչ նոյեմբերի 9-ի համաձայնությունից. Բաքուն գերիներին վերադարձնելու համար լրացուցիչ պահանջներ է ներկայացրել՝ ականապատված տարածքների քարտեզներից մինչև COP 29-ի անցկացման հարցում Երևանի աջակցությունը:

«Եթե գերիների հարցը չկա, ի՞նչ խաղաղության հաստատման մասին է խոսքը»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կարծում է՝ եթե գերիների վերադարձի հարցը պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի բանակցությունների նախապայման չդարձրեց, առնվազն պետք է բանակցվող փաստաթղթում այդ մասին դրույթ լիներ: Եթե դա էլ չկա, պատգամավորը տարակուսած է՝ ի՞նչ խաղաղության հաստատման մասին է խոսքը:

Քրիստինե Վարդանյան

«Դա լծակ է, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է Հայաստանի դեմ ու եթե հայկական կողմից բանակցողներն առաջինը այդ հարցի լուծումը չեն դնում բանակցային օրակարգում, դա նշանակում է, որ իրենք ընդունում են խաղի կանոնները և իրենց վրա անընդհատ կարող է ճնշում գործադրվել՝ որևէ կերպ պահվող անձանց վնաս հասցնելու կամ այլ արարքներ նրանց հետ իրականացնելու տեսքով», - ասաց Վարդանյանը:

Որ գերիների հարցով կառավարությունն ամենօրյա ռեժիմով զբաղվում է, վերջին ասուլիսին վստահեցրեց վարչապետը։ Չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ քայլեր են անում, Նիկոլ Փաշինյանը ևս հիշատակեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ընդգծեց՝ ռուսական կողմն է նրանց վերադարձի հարցը շրջանցում: Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունն է Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցը մոռացության մատնում։

«Սա պետության հեղինակության հարցն է, և ուղղակի որևէ այլ տեղ չեք գտնի խաղաղության պայմանագիր այն պարագայում, երբ կողմերն ունեն գերիներ և նրանք դեռ փոխանակված չեն: Օրինակ՝ Իսրայել - Պաղեստին հակամարտության մեջ առաջնային հարցը հակամարտությունից, ռազմական կոնֆլիկտից առաջ գերիների հարցն է», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Ազգային ժողովի նախագահն այսօր հավաստիացրեց, թե գերիների վերադարձը բոլոր պաշտոնական հանդիպումների առաջնային հարցերից է, ասաց՝ անձամբ ինքը նրանցից մեկի՝ 2020 թվականին՝ հրադադարից երեք օր անց գերի ընկած Գևորգ Սուջյանի ազատ արձակման համար հետևողականորեն աշխատում է։

«Շատ բացասական է իրեն դրսևորում Ադրբեջանը, և կարելի է ասել, որ նույնիսկ ես իմ Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ այս հարցը բարձրացրել եմ ու համարում եմ, որ եթե ադրբեջանական կողմն ուզում է, որ պառլամետական մակարդակում այն խոսակցությունը, որը սկսել ենք, արդյունավետ լինի, իրենք պետք է պառլամենտով որևիցե ձևով միջնորդեն ու այդ պառլամենտական հարթակով մենք կարողանանք մեր գերիներին հնարավորինս արագ հետ բերել», - ընդգծեց Սիմոնյանը:

Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը արդեն իսկ դատապարտվել է՝ ծանր հոդվածներով, իսկ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորման համար մեղադրվող Արցախի նախկին ղեկավարները, ըստ Ադրբեջանի դատախազի, առաջիկայում կկանգնեն դատարանի առաջ։ Հստակ ժամկետներ ադրբեջանցի պաշտոնյան չի նշել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախկին պաշտոնյաները շուտով կկանգնեն ադրբեջանական դատարանի առջև. Ադրբեջանի գլխավոր դատախազ