Խաղաղության հաջորդ գագաթնաժողովը կարող է կազմակերպվել մինչև տարեվերջ․ Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ, 10-ը սեպտեմբերի, 2024թ․

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հույս է հայտնել, որ խաղաղության երկրորդ գագաթնաժողովի մասնակիցների թիվն ավելի մեծ կլինի, քանի երեք ամիս առաջ Շվեյցարիայում տեղի ունեցած նմանատիպ հավաքին էր։

Կառավարության ներսում տեղի ունեցած փոփոխություններից հետո իր առաջին ասուլիսում Շմիգալը հույս է հայտնել, որ խաղաղության հաջորդ գագաթնաժողովը կարող է կազմակերպվել մինչև տարեվերջ և ներգրավել առնվազն 150 երկրների:

Հունիսին Շվեյցարիայում կայացած համաժողովին, որին 80 երկիր էր մասնակցել, Կիևը հայտարարել էր, որ ցանկացած դեպքում վերջնական խաղաղության գործարքի հիմքը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է լինի։ Ռուս պաշտոնյաները չէին հրավիրվել այդ հավաքին, իսկ Չինաստանը հրաժարվել էր մասնակցել:

Գերմանիայի կանցլերը, որ մի քանի օր առաջ հանդիպել էր Ուկրաինայի նախագահի հետ, հայտարարել էր, թե անհրաժեշտ է Ռուսաստանին ևս հրավիրել Ուկրաինայի խաղաղության առաջիկա համաժողովին, և ավելացրել, որ այդ հարցում իր հետ համակարծիք է նախագահ Զելենսկին։

Կիևում կայացած մամուլի ասուլիսում Շմիգալն ասել է, որ Ուկրաինան զգալիորեն մեծացրել է իր զենքի արտադրությունը նախորդ տարվա համեմատ և հույս ունի մինչև տարեվերջ արտադրել 1 միլիոն անօդաչու թռչող սարք, որը կարևոր գործիք է ավելի մեծ ռուսական ուժերին դիմակայելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի հարցով հաջորդ համաժողովը կարող է գումարվել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրություններից առաջ