Կարեն Սարուխանյանը հերքում է, թե իր ու ՔՊ-ականների միջև վեճ ու ծեծկռտուք է եղել

«Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը, արխիվ

«Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի քաղաքապետի թեկնածուն «ես եմ», ԱԺ նախագահի հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել, վստահեցնում է իշխող ուժի Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը։ Ըստ նրա՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո այլ քննարկում այս հարցի շուրջ չի եղել։

Մամուլում, սակայն, լուրեր են շրջանառվում, որ այս հարցի շուրջ տարածքային կառույցում Կարեն Սարուխանյանի ու ՔՊ-ականների միջև վեճ ու անգամ ծեծկռտուք է եղել։ Սարուխանյանը հերքում ու լկտի սուտ է որակում սա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում ձերբակալվել, ապա ազատ են արձակվել ՔՊ-ի անդամ Պարգև Գևորգյանն ու Կարեն Սարուխանյանի մորեղբոր որդին

Գյումրեցի մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը ևս պնդեց, թե վիճաբանության մասին տեղեկություն չունի. - «Չեմ իմացել նման բան, մեր թիմի ներսում գուցե բանավեճեր լինեն, բայց վեճեր չեն լինում»։

Գյումրեցի պատգամավոր Առուշանյանն ասում է՝ այս պահին առաջնայինը քաղաքը կառավարման կոլապսից դուրս բերելն է։ Գյումրիում արդեն աղբահանության խնդիր կա, իսկ 2000-ից ավելի համայնքային աշխատողներ դեռ աշխատավարձ չեն ստացել։

Երեկ Գյումրիում աղբահանության խնդիր իսկապես եղել է, ավելի ստույգ վառելիքի։ Քաղաքապետարանից փոխանցեցին՝ պայմանավորվել են, որ վառելիք վաճառող ընկերությունը շարունակի մատակարարումը, մինչև ֆինանսավորման հարցը լուծվի։ Երեկ համացանցում Գյումրիի տարբեր թաղամասերից նկարներ էին հրապարակվում՝ աղբով լցված աղբամաններով։ Այսօր արդեն կուտակված աղբը հավաքվել է։

Գլխավոր հարցը մնում է համայնքի աշխատողների աշխատավարձը։ Դավիթ Առուշանյանն ասում է՝ փորձում են իրավական ճանապարհ գտնել, որ առանց կառավարման մնացած երկրորդ քաղաքը կոլապսի չենթարկվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի ավագանին նոր քաղաքապետ չի ընտրում. ըստ ամենայնի, հունվարին՝ արտահերթ ընտրություններ

Աշխատանքային օրենսգրքով աշխատավարձերը պետք է փոխանցվեն մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը։ Ֆինանսների նախարարության տիրույթում է հարցի կարգավորումը՝ պետք է որոշեն, թե հրաժարական տված համայնքի ղեկավարի փոխարեն ով է ստորագրելու աշխատավարձերի ցուցակ։

Մոտ 160 հազար բնակչություն ունեցող քաղաքն արդեն կես ամիս է՝ կառավարիչներ չունի։ Իսկ արտահերթ ընտրությունները, ըստ ամենայնի, կանցկացվեն կա՛մ տարեվերջին, կա՛մ հունվարի առաջին կեսին։