WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործը կարճվել է, ամերիկյան իշխանությունները հետ են վերցրել արտահանձնման մասին դիմումը, հաղորդում է BBC-ին։
Ասանժը ամերիկյան դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ապօրինի կերպով ազգային անվտանգության գաղտնի տեղեկատվության ձեռքբերման և տարածման համար։ Մեղքն ընդունելուց հետո, ԱՄՆ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նա ազատ է արձակվել։
Լսումները տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող Հյուսիսային Մարիանյան կղզիների Սայպան քաղաքում, ուր Ասանժը ժամանել էր Լոնդոնից։
Ավելի լուրջ մեղադրանքները, որոնցով Ասանժին սպառնում էր երկարաժամկետ ազատազրկում, հանվել են։
«Դուք, որպես ազատ մարդ, կարող եք լքել նիստերի դահլիճը»,- նիստի ավարտին հայտարարել է դատավորը։
Երեկ WikiLeaks -ը տեղեկացրեց, որ Ասանժը հունիսի 24-ի առավոտյան դուրս է եկել Բելմարշի խիստ ռեժիմի բանտից՝ այնտեղ անցկացնելով 1901 օր։ Լոնդոնի բարձր ատյանի դատարանը նրան ազատ է արձակել գրավի դիմաց։ Բրիտանիայից նա մեկնել է Մարիանյան կղզիներ, որտեղ նրան սպասում է ամերիկյան դատարանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջուլիան Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվել. ակնկալվում է նրա գործի կարճում2019 թվականին Միացյալ Նահանգների դաշնային դատախազությունը 18 դրվագներով մեղադրանք էր առաջադրել Ասանժին՝ WikiLeaks կայքում հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար, որոնք վերաբերում էին Իրաքում և Աֆղանստանում ամերիկացի զինվորականների գործողություններին, ինչպես նաև ամերիկացի դիվանագետների կոնֆիդենցիալ զեկույցներ և նամակագրություն։
Ջուլիան Ասանժը մինչ հիմա խուսափել է պատժից և Ամերիկա արտահանձնվելու վտանգից։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչեր առաջադրված բոլոր դրվագներով, նրան 170 տարվա բանտարկություն էր սպառնում։ Նա 7 տարի թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում։ Սակայն, երբ Էկվադորը նրան զրկեց քաղաքացիությունից, նա ստիպված դուրս եկավ դեսպանատնից ու ձերբակալվեց բրիտանական ոստիկանության կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոնդոնում մեկնարկել են Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով դատական լսումները