Մատչելիության հղումներ

Լոնդոնում մեկնարկել են Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով դատական լսումները


Մեծ Բրիտանիա - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը դուրս է գալիս դատարանից, Լոնդոն, 1-ը մայիսի, 2019թ․
Մեծ Բրիտանիա - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը դուրս է գալիս դատարանից, Լոնդոն, 1-ը մայիսի, 2019թ․

Լոնդոնի դատարանում մեկնարկել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով լսումները: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքը Ասանժը գտնվում է բանտում և դատարանի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով:

Նախօրեին Լոնդոնի մեկ այլ դատարան WikiLeaks-ի հիմնադրին դատապարտել է 50 շաբաթվա ազատազրկման՝ ազատության մեջ մնալու պայմանները խախտելու համար: 2012 թվականին, երբ Ասանժին Շվեդիային արտահանձնելու որոշում էր սպառնում, դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն սկանդալային կայքի հիմնադիրը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

Շվեդիայի իրավապահները Ջուլիան Ասանժին մեղադրում էին սեռական ոտնձգությունների համար, նա մեղադրանքը չէր ընդունում:

Բրիտանիայի ոստիկանությունն Ասանժին կարողացավ ձերբակալել անցած ամիս, երբ Էկվադորը հրաժարվեց նրան ապաստան տրամադրել:

Շվեդիան անցած տարի կարճել էր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված գործը: Այժմ նրան ԱՄՆ-ին արտահանձնելու որոշում է սպառնում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների գաղտնի հաղորդագրություններն իր հիմնադրած WikiLeaks կայքում հրապարակելու համար: ԱՄՆ-ի դատախազության առաջադրած մեղադրանքով 47-ամյա ավստրալացուն 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG