Ամերիկացի հայտնի դերասան, Դեմոկրատական կուսակցության համար դրամահավաքի կազմակերպիչներից Ջորջ Քլունին Ջո Բայդենին կոչ է արել լքել ընտրապայքարը։
New York Times-ում հրապարակված սյունակում Քլունին գրել է, որ երեք շաբաթ առաջ է հանդիպել Սպիտակ տան ղեկավարին և հասկացել, որ նա այլևս 2010 թվականի Բայդենը չէ, ոչ էլ նույնիսկ 2020 թվականի Բայդենը։
«Ամեն ինչ տարիքի հետ է կապված և ուրիշ ոչինչ», -գրել է Քլունին, պնդելով, որ եթե Դեմոկրատական կուսակցությունն ի վերջո ընտրությունների գնա Ջո Բայդենի հետ, ապա չի կարողանա հասնել հաղթանակի։
81-ամյա Բայդենի վերընտրվելու հարցում կասկածները սրվեցին անցած ամիս նախագահի պաշտոնում վերընտրվել ձգտող Դոնալդ Թրամփի հետ նրա բանավեճից հետո։ Միացյալ Նահանգների նախագահը պնդել է, որ իր թույլ ելույթի պատճառը մրսածությունն ու հոգնածությունն էին։
Այդ հեռուստաբանավեճի ընթացքում նախագահ Բայդենը դժվարությամբ էր պատասխաններ ձևակերպում, անկազմակերպ ու մոռացկոտ տեսք ուներ։
Ելույթից հետո մի շարք դեմոկրատ օրենսդիրներ կոչ արեց նրան՝ հրաժարվել վերընտրվելու մտադրությունից։ Այդ կոչերին անցած օրերին միացան Դեմոկրատական կուսակցության մի շարք խոշոր գործարարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք նախագահին խնդրել են չպայքարել երկրորդ ժամկետի համար՝ «հանուն ժողովրդավարության և ազգի ապագայի»։
Ինքը՝ Բայդենը, հայտարարում է նախագահական ընտրություններին մասնակցելու և հաղթելու իր վճռականության մասին։ Իսկ Սպիտակ տունը փորձում է փարատել նախագահի առողջության հետ կապված մտահոգությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժան-Պյեր․ «Բայդենը Պարկինսոնի հիվանդություն չունի» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը հայտարարում է՝ ընտրապայքարից դուրս կգա միայն «Բարձրյալի ցուցումով»