ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին:
«Երեկոյան ժամը ժամը 8-ին Օվալաձև սենյակից կդիմեմ ժողովրդին, թե ինչ է սպասվում առաջիկայում և ինչպես կավարտեմ աշխատանքս ամերիկացի ժողովրդի համար», - այս մասին նախագահական ընտրապայքարն ընտրություններից 100 օր առաջ լքած Բայդենը գրել է X-ի իր էջում:
Ավելի վաղ արված իր ուղերձում Բայդենը նշել էր, որ կշարունակի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2025 թվականի հունվարը, իսկ առաջիկա ընտրություններում աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։
81-ամյա Բայդենի հասցեին քննադատությունը սաստկացավ հատկապես մրցակից Դոնալդ Թրամփի հետ անցած ամսվա բանավեճից հետո, որի ընթացքում նա շատ հաճախ շփոթվում էր։ Հենց այդ ժամանակ էլ հարցեր առաջացան՝ կկարողանա՞ արդյոք Դեմոկրատների նախագահի թեկնածուն կառավարել գերտերությունը ևս չորս տարի։ Շաբաթներ շարունակված ճնշումներից հետո Բայդենը հրաժարվեց մրցապայքարից:
Անցած շաբաթվա կեսին ԱՄՆ-ի առաջնորդը հասցրեց նաև կորոնավիրուսով վարակվել։ Նրա բժիշկը հայտնել էր, թե Բայդենն ունի հարբուխ, հազ, ընդհանուր թուլություն: Միացյալ Նահանգների նախագահը կորոնավիրուսի պատճառով չեղարկել էր ելույթը Լաս Վեգասում նախատեսված նախընտրական միջոցառմանը:
Փաստացի այսօր վարակից հետո Ջո Բայդենն առաջին անգամ է հրապարակային ելույթ ունենալու։
Այս ընթացքում Հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր առաջին հանրային նախընտրական հանրահավաքն է անցկացնում՝ արդեն հավանական նոր հակառակորդին՝ փոխնախագահ Քամալա Հարիսին դարձնելով իր քննադատության թիրախը։
Երեկ էլ Հարիսն իր առաջին հրապարակային ելույթի զգալի մասը նվիրեց ապագա մրցակցի՝ Թրամփի քննադատությանը։
Ամենակարևոր հարցը թերևս դեռ մնում է՝ արդյոք Քամալա Հարիսը կկարողանա՞ ընտրություններից ընդամենը երեքուկես ամիս առաջ հավասարը հավասարին պայքարել Թրամփի դեմ՝ կանխելով նրա վերադարձը Սպիտակ տուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեմոկրատները միավորվում են Քամալա Հարիսի շուրջ