Տնտեսական զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկը խաղաղությունն է. The New York Times-ի կողմից «աշխարհի թերևս ամենակարևոր տնտեսագետը» գնահատականին արժանացած Ջեֆրի Սաքսը «Ազատության» հետ հարցազրույցում այս դեղատոմսն է առաջարկում զարգացողից զարգացած երկրներին՝ աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։
«Պետք է խաղաղություն լինի։ Հարևանների միջև պետք է համագործակցություն լինի։ Պետք է լինի ոչ միայն ազգային ռազմավարության, այլ նաև տարածաշրջանային ռազմավարության գաղափարը։ Հայաստանի պես երկիրը կզարգանա, եթե հարևանները, իսկ հարևաններ ասելով, նկատի ունեմ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը, եթե այս բարդ խառնուրդ ներկայացնող բոլոր երկրները, իրոք, հավաքվեն և աշխատեն տնտեսական հատվածների որոշ ընդհանուր գաղափարների վրա՝ զբոսաշրջության, բարձրագույն կրթության խթանման, տրանսպորտի, թվային լուծումների խթանման և այլնի վրա», - նշեց Սաքսը՝ հավելելով՝ «այս օրերին երկրները պետք է գտնեն ուղիներ՝ հարևանների հետ միասին ապրելու համար: Նրանք պետք է ասեն, որ մեր առաջնահերթությունը տնտեսական զարգացումն է, այլ ոչ թե պատերազմը»:
Ամերիկացի հայտնի տնտեսագետը, Երևան է ժամանել Բաքվից, որտեղ մասնակցել է COP29 գագաթնաժողովին։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանից որևէ մեկը ևս իր մասնակցությունը կունենա այդ միջոցառմանը։
«Դա Ադրբեջանի համաժողովը չէ։ Դա ՄԱԿ-ի համաժողով է», - ասաց Ջեֆրի Սաքսն՝ ընդգծելով՝ խաղաղության մասին մտածող հասուն մարդիկ պետք է հասկանան՝ աշխարհը վտանգավոր ընթացքի մեջ է։
«Միացյալ Նահանգները չի պատրաստվում փրկել Հայաստանը»
Ամերիկյան արտաքին քաղաքականությունը կոշտ քննադատող ամերիկացի վերլուծաբանը, որ բազմիցս է իր ելույթներում մեղադրել Միացյալ Նահանգներին Ուկրաինայում պատերազմ սադրելու մեջ, այսօր էլ շարունակում է պնդել՝ ԱՄՆ նոր վարչակազմի առաջին խնդիրը պետք է լինի ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալը։ Հարավային Կովկասը, Սաքսի պնդմամբ, Դոնալդ Թրամփի հետաքրքրությունների շրջանակում չէ։
«Այնպես որ, ես իրատեսորեն եմ մտածում, և դա այդպես է աշխարհի շատ վայրերի դեպքում։ Միացյալ Նահանգները չի պատրաստվում փրկել Հայաստանը: Իրականում Միացյալ Նահանգները Հայաստանին նույնիսկ ուշադրություն չի դարձնի։ Հայաստանը ստիպված է լինելու իր ճանապարհը գտնել իր հարևանների հետ, գուցե BRICS անդամ պետությունների հետ, գուցե նոր ռազմավարություն որդեգրի, որովհետև աշխարհը շատ արագ է փոխվում։ Թրամփն այնքան էլ կայուն անձնավորություն չէ, ուստի մենք չենք կարող կանխատեսել, թե նա ինչ է անելու։ Բայց նա չի պատրաստվում հետևել Բայդենի քաղաքականությանը, դա միանշանակ է։ Ու ես կարծում եմ, որ նա այդքան էլ չի հետաքրքրվելու այս տարածաշրջանով», - ասում է տնտեսագետը:
«Ազատության» դիտարկմանը՝ Հայաստանը, ինչպես Ուկրաինան, բախվում է հզոր հարևանի կողմից ճնշումների՝ սահմանադրական փոփոխություններ, ապառազմականացում և չեզոքության պահանջներ. Ինչպե՞ս պետք է դիմակայի այս ամենին մի փոքր պետություն՝ հաշվի առնելով ուժերի անհավասարակշռությունը, մյուս կողմից պաշտպանելով ինքնիշխանությունն ու ժողովրդի կամքը, Ջեֆրի Սաքսն արձագանքեց. - «Կարծում եմ, որ մեկնարկային կետը միշտ բանակցելն ու քննարկելն է, բայց նաև գտնել ճիշտ վայրը: Այսպիսով, Հայաստանը գտնվում է շատ բարդ հարևանության մեջ։ Եթե Ռուսաստանը պահանջներ է ներկայացնում, ապա Թուրքիան կարող է այլ պատկերացում ունենալ, Իրանը կարող է այլ պատկերացում ունենալ։ Ավելի մեծ խմբի հետ գործ ունենալը իրականում օգտակար է տարբեր ուժերի հավասարակշռման համար, քանի որ անվտանգ Հայաստան ունենալը այնքան էլ վատ բան չէ տարածաշրջանային այս բոլոր տերությունների համար: Կա ևս մեկ ավելի մեծ խումբ, որը շատ ազդեցիկ է լինելու, դա BRICS-ն է: Վստահ եմ՝ ապագայում Հայաստանը կդիտարկի սա ևս»:
«Նրա վերջնական նպատակն է փոխել աշխարհը», - արևմտյան մամուլն է գրել Ջեֆրի Սաքսի մասին։
Իսկ թե ինչպես փոխել աշխարհը, ինչպես այն «ավելի լավ վայր սարքել», անվանի տնտեսագետը միայն խաղաղության ճանապարհն է դիտարկում։ Կիսելով ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի գաղափարը, որ բոլոր խնդիրների լուծումը մահկանացու մարդանց ձեռքերում է, կրկնում է՝ աշխարհը փրկել կամ կործանելը ընդամենը ընտրության հարց է։