Իվանիշվիլին «Նյուրնբերգյան դատավարություն» է խոստանում ընդդիմությանը

Վրաստան - «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունենում Մցխեթայում նախընտրական հանրահավաքում, 21-ը օգոստոսի, 2024թ.

Վրաստանի իշխող ուժի՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները պետք է «Նյուրնբերգյան դատավարություն» լինեն «Ազգային շարժման» համար, որտեղ, նրա խոսքով, Վրաստանի ժողովրդի սահմանադրական մեծամասնությունը համապատասխան վճիռ կկայացնի «անհայրենիք, օտարերկրյա գործակալ քաղաքական գործիչների այդ միությանը, որոնք պատրաստ են ցանկացած հակապետական հանձնարարությունների տակ ստորագրել»։

Մցխեթայում երեկ կայացած նախընտրական հանդիպմանը Իվանիշվիլին ելույթ է ունեցել զրահապատ ապակու ետևից, ինչը ընդդիմությունը ծաղրում է։

Երեքշաբթի օրը «Վրացական երազանք»-ը հայտարարություն է տարածել, ուր նշված է, որ ընտրություններում հաղթելու և խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային միացյալ շարժումը» կհայտարարվի հակասահմանադրական կուսակցություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, թե քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելելը ժողովրդավարական գործընթաց է, և տարբեր երկրներում կուսակցություններ արգելելու մի քանի օրինակ է բերել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարցումների համաձայն, «Վրացական երազանք»-ը կարող է հաղթել առաջիկա ընտրություններում Վրացական ընդդիմությունն ընտրություններից առաջ փորձում է միավորվել